6 միլիոնի կորուստ ունեմ, հովիվն էլ փախել է. գնացքի տակ ընկած 63 ոչխարների տերը մանրամասներ է պատմում

12:58 • 24.03.18

Մարտի 23-ին էլեկտրագնացքը բախվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ Անդրանիկ Բրոյանին պատկանող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 63 ոչխար սատկել է: Tert.am-ի հետ զրույցում Բրոյանն ասաց, որ ինքը տեղում չի եղել, չի տեսել, թե ինչպես է դա եղել, բայց հովիվը, որը արածացրել է հոտը, իրեն պատմել է, որ փորձել են անցնել երկաթգծի վրայով, բայց փաստորեն չեն հասցրել:

«Ես այնտեղ չեմ եղել, հովիվն էր այնտեղ, ասում ա, որ ուզեցել են անցնեն, բայց, թե ինչ է եղել, չեմ իմանում: Առավոտ հելել եմ, տեսել եմ հովիվը չկա, փախել–գնացել է, լարված ենք»,- նշեց Անդրանիկ Բրոյանը:

Նա պատմեց, որ սատկած ոչխարներին մորթել չի լինի, «լղճվել են»: Ըստ նրա՝ երկաթգծով անցնում է մեծ գնացք, շատ վագոններով բեռնատար և գնացքի մեքենավարը չէր կարող կանգնեցնել այն:

«Էդ ոչխարների գառները առանց մեր, որ մնան կսատկեն: Փոքր գառներ են 10 օրական, 15 օրական: Ընդհանուր առմամբ 6-7 միլիոն դրամի կորուստ է: 63 հատ ոչխար՝ իրանց կաթով, գառներով…»,- նշեց նա:

Բրոյանն ասաց, որ փնտրելու է հովիվին, որ հասկանա, թե ի վերջո ինչպես է դա տեղի ունեցել: «Հովիվը փախել–գնացել ա, գիշերը ժամը 1-ին հելել գնացել ա»,- նշեց նա:

Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանն էլ ասաց, որ հավանաբար հովիվները ուշադիր չեն եղել, չեն նկատել գնացքը, իսկ երբ նկատել են, արդեն ուշ է եղել:

Գյուղապետն ասաց, որ իր գյուղի բնակիչը սոցիալական ծայրահեղ պայմաններում չի ապրում,  ունի էլի հոտեր:

Նշենք, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2.799 կմ ՊԿ-5 հատվածում թիվ 1205 էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին։ Նախապատրաստվում են նյութեր: