«Մեր ցանկությունը՝ ինչ-որ կերպ նպաստել տեղի ունեցածի հանգամանքները պարզելուն, փոխադարձ չէ». Պեսկովը մեկնաբանել է «Սկրիպալի գործի» հետաքննությունը

14:15 • 24.03.18

Ռուսաստանի ցանկությունը՝ օգնել Մեծ Բրիտանիային Սոլսբերիում ռուս նախկին սպայի թունավորման հանգամանքները պարզելու հարցում և համագործակցել այդ գործով, փոխադարձ չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր ցանկությունը՝ ինչ-որ կերպ նպաստել տեղի ունեցածի հանգամանքները պարզելուն, համագործակցել այդ նպատակով, փոխադարձ չէ: Մեր մտադրություններն ու փորձերը բախվում են չհասկացվածության և լսել չցանկանալու պատի: Պարզ ասած՝ Մեծ Բրիտանիայի դեսպանը չի գալիս Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ, երբ այնտեղ նստած են մարդիկ, որոնք պատրաստ են պատասխանել բոլոր հարցերին»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ հայտնի չէ, թե ինչ տեղեկություն է օգտագործել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր եվրոպացի գործընկերների հետ շփումների ընթացքում, բրիտանացիները Սոլսբերիի միջադեպի մասին ինչ ծավալի տեղեկատվություն ունեն, ինչ է այնտեղ իրականում տեղի ունեցել:

«Համապատասխանաբար, մենք պարզապես չենք կարող դատել այն մասին, թե ինչն է դարձել այդ արձագանքի պատճառ»,- նշել է Պեսկովը:

Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:

Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: