Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում հայտնի ապրանքանիշերի կեղծ ըմպելիքների արտադրության կապակցությամբ

19:03 • 24.03.18

ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն՝ «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժինը։

Հաղորդման հիման վրա  կատարվում է հետաքննություն, պարզվում են պատճառված վնասի չափերը:

« ՀՀ ոստիկանությունը «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին հաղորդում է ստացել ՍԱՊԾ-ից: Նշված դեպքով կատարվում է հետաքննություն»,- ասաց Ջանոյանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ կեղծ ապրանքը հայտնաբերվել է հունվարին, ինչից հետո այն ամբողջությամբ շուկայից հավաքվել է:

«Կեղծիքի աղբյուրը  կամ հնարավոր մյուս ապօրինի գործողությունները պարզելու համար տեղեկությունը փոխանցվել է  տարբեր պատկան կառույցներին, այդ թվում՝ իրավապահներին: ՀՀ ոստիկանության ծառայությունը հաղորդման հիման վրա գործողություններ է սկսել»,- ասաց նա:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը կեղծված ըմպելիքների ավելի քան 3000 շշի մասին է, սակայն ՍԱՊԾ-ում կոնկրետ թվեր չհայտնեցին: