Շիրակի համալսարանից ազատված դասախոսները կարող են այդ հարցը ներկայացնել դատարան. եթե դատարանը որոշի, որ ռեկտորը սխալ է, ռեկտորին պատժելու հարցը կդնենք. Ֆելիքս Ցոլակյան

20:19 • 24.03.18

Շիրակի  համալսարանի հոգաբարձուների խորհրդի  մարտի 24-ի նիստն  անցավ դռնփակ: Նիստին ներկա էին նաև համալսարանի խորհուրդը և  ամբիոնների վարիչները: Խորհրդի անդամները՝  ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և  հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս  Ցոլակյանի գլխավորությամբ քննեցին բուհում տիրող իրավիճակն ու  աշխատանքից ազատված դասախոսներ՝  Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի հարցն առանց նրանց ներկայության։ Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», նիստը  փակ էր նաև լրագրողների համար: Ավելին՝ մինչև 16:00 համալսարանն ընդհանրապես փակ էր ոչ միայն լրագրողների, այլև ուսանողների համար:

Խորհրդի նիստից հետո ՀՀ  ԿԳ նախարարն ու   հոգաբարձուների խորհրդի նախագահը  հանդիպեցին լրագրողներին և  ուսանողներին՝  պարզաբանելով  նիստի  մանրամասները:

«Քննարկվեց համալսարանում տիրող իրավիճակը: Մարդիկ ներկայացրեցին իրենց կարծիքը, և մենք գտնում ենք, որ բոլոր հարցերը կարող են լուծում ստանալ հանգիստ պայմաններում, առանց այն իրավիճակի, որ ստեղծված է բուհի շուրջ: Բոլոր հարցերն ի վիճակի են լուծվել ժամանակի ընթացքում»,-նշեց  Ֆելիքս  Ցոլակյանը:

Խոսելով  աշխատանքից ազատված դասախոսների մասին՝ պատասխանատուները փաստեցին, որ  վերջիններիս աշխատանքի  վերականգնման հարցն, ըստ օրենքի, հնարավոր է միայն դատական մարմինների օգնությամբ։ Ինչ մնում է բուհում չարաշահումների կամ ՀՀ ԿԳ ուսումնասիրությունների ու աուդիտի արդյունքներին, ապա դրանք  առաջիկայում կտեղադրվեն բուհի կայքում՝ ապահովելով թափանցիկություն:

«Ազատված դասախոսների մասով մենք ոչինչ չենք կարող անել: Նրանք կարող են այդ հարցը ներկայացնել դատարան: Երբ դատարանը որոշում կայացնի, որ ռեկտորը սխալ է եղել, ռեկտորին պատժելու հարցը կդնենք»,-հավելեց Ֆելիքս Ցոլակյանը:

«Որպես  ՀՀ Կրթության և գիտության նախարար, ինձ համար անչափ կարևոր  է բուհի հեղինակությունը, որը ձևավորվում է այդ  հաստատությանը հարգելու միջոցով։ Սա շատ կարևոր է, հատկապես, երբ խոսում ենք համալսարանի մասին,-նշեց Լևոն Մկրտչյանը՝  փաստելով, որ  առաջիկայում ԱԺ քննարկմանը կդրվի  բարձրագույն կրթության այն օրենքը, որի մեջ նաև կա կետ, ըստ որի համալսարանական բոլոր  պաշտոնները՝ սկսած դասախոսից, պետք է լինեն ընտրովի, իսկ այդ ընտրությունները պետք է լինեն թափանցիկ:

«Բոլորն էլ պետք է հնարավորություն ունենան մասնակցելու այդ  ընտրությանը, ներկայացնեն իրենց վաստակը: Ցավոք, մինչ այս նաև այս համալսարանում նման կարգ գոյություն չուներ:  Սա շատ կարևոր  սկզբունք է, ու այս պարագայում շատ հարցեր կլուծվեն»,-նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում  ուսանողները բարձրացրեցին հարցեր՝ կապված իրենց իրավունքների, իրենց վրա տարբեր ճնշումների գործադրման և ազատված դասախոսների աշխատանքի վերականգման վերաբերյալ:  «Մեր համոզմամբ՝ այս խնդիրը համակարգային է: Այս խնդիրն աճեց միայն այն պատճառով, որ  ժամանակին բարձրացված հարցերին պատասխաններ չտրվեցին ու քայլեր չձեռնարկվեցին»,-նշեց ուսանող  Աշոտ Թադևոսյանը:

Նախարարը խոստացավ ևս մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում, հանդիպել ուսանողներին՝ առաջարկելով ներկայացնել  իրենց դիտարկումները՝  բուհում ուսումնական պրոցեսի հետ  կապված:

Հանդիպման ավարտին Լևոն Մկրտչյանը և  Ֆելիքս  Ցոլակյանն առանձնազրույց ունեցան նաև  աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանի հետ: