Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացներն անջատել են լույսը՝ միանալով «Երկրի ժամ» ակցիային

23:34 • 24.03.18

Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովը ВКонтакте սոցցանցում հրապարակել է Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածի լուսանկարը, որտեղ լույսն անջատված էր՝ «Երկրի ժամ» ակցիայի շրջանակներում:

«Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածը միանում է «Երկրի ժամ» ակցիային: Մենք անջատել ենք լույսը «Զվեզդա» հարթակում՝ ի նշան մտահոգության մեր մոլորակի ապագայի: Միացված են մնացել միայն կառավարման համակարգիչները, առանց որոնց չենք կարող», - РИА Новости-ի փոխանցմամբ սոցցանցում գրառել է տիեզերագնացը՝ կից լուսանկար հրապարակելով «Զվեզդայից»:

«Երկրի ժամ» աշխարհի խոշորագույն էկոլոգիական ակցիան այս տարի անցկացվում է մարտի 24-ին: Միջոցառումն ավանդաբար անցկացվում է շրջակա միջավայրի պահպանության խնդիրների շուրջ ուշադրություն հրավիրելու նպատակով: