Մարտի 25-ին Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Մարտի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այսօր` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողներն առանց պահքը խախտելու կարող են Ս. Հաղորդություն ստանալ:
Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավոր: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքը տեղեկացնում է Ծաղկազարդի տոնին նախատեսվող միջոցառումների մասին
Մարտի 25-ին՝ հավարտ Ս. Պատարագի.
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական միջոցառում մուլտհերոսների մասնակցությամբ, կավճանկար և տոնական տորթի հյուրասիրություն:
Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում կկատարվի համայնքի բոլոր մանկապարտեզների սաների օրհնության կարգ:
Ս. Երրորդություն եկեղեցու բակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդաց տան սաների և Ս. Երրորդություն եկեղեցու պարի խմբերի ու երգչախմբերի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ:
Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու բակում տեղի կունենա ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կտրվի համայնքի կարիքավոր ընտանիքներին (զինվորների ընտանիքներ):
Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցու բակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տների սաները:
Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում փոքրիկ երեխաների մասնակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում:
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում կարիքավոր ընտանիքի երեխաներին կբաշխվեն տոնական նվերներ:
Էրեբունի համայնքի կենտրոնական այգում ժամը 17:00-ին տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ:
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում երեխաների համար կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ:
Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում համայնքի անդամները տոնի մասին թատերական բեմադրություն կներկայացնեն:










