Գագիկ Համբարյանը իր, Հ. Խորիկյանի, Լ.Մկրտչյանի ու Ֆ. Ցոլակյանի հանդիպումից դեռևս մանրամասներ չի հրապարակում

11:31 • 25.03.18

 

Շիրակի պետական համալսարանից ազատված դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը Շիրակի  համալսարանի հոգաբարձուների խորհրդի  մարտի 24-ի դռնփակ նիստից հետո, ինչպես և հայտարարվել էր, հանդիպել էին ԿԳ նախար Լ. Մկրտչյանի ու Շիրակի նախկին մարզպետի` բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հետ, սակայն Գագիկ Համբարյանը մինչև մարտի երեսունմեկը ձեռնպահ է մնում մանրամասներ հրապարակելուց:

Tert.am -ի հետ զրույցում իր սկանդալային բացահայտումներից հետո աշխատանքից ազատված դասախոսը նշեց, որ թեպետ խոսակցության մասին գաղտնիություն պահելու պայմանավորվածություն որպես այդպիսին չի եղել, սակայն ինքը ձեռնպահ է մնում ուսանողներ-Ցոլակյան-Մկրտչյան բանակցություններին միջամտելուց:

Մասնավորապես, Գագիկ Համբարյանն ասաց. «Այս հանդիպման  վերաբերյալ շատ մանրամասներ չեմ ուզում հրապարակել, մենք ընդհանուր հայտարարի չեկանք, բայց պարոն Մկրտչյանը և Ֆելիքս Ցոլակյանը խոստացել են ուսանողների հետ հանդիպել գալիք շաբաթ օրը, և այդ ժամանակ երևի թե ավելի մանրամասն կիմանանք, թե ինչ տեղի կունենա»:

Այնպես որ, բոլոր մանրամասները՝ մարտի երեսունմեկից հետո, և ինչպես դասախոսը նշեց` պարտադիր ու անպայման:

Հիշեցնենք, որ բուհում նախորդ տարվա սեպտեմբեր ամսից նշված երկու դասախոսների կողմից տարբեր կոռուպցիոն սցենարների ու դեպքերի մասին բարձրաձայնումներից հետո, երբ նրանք պնդում էին, որ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ԿԳ նախարարը, ըստ էության, կա՛մ պաշտպանում են ռեկտոր Սահակ Մինասյանին, կա՛մ անտարբեր են բուհում ստեղծված իրավիճակի նկատմամբ, երեկ տեղի ունեցավ Շիրակի  համալսարանի հոգաբարձուների խորհրդի  դռնփակ նիստ, որին ներկա էին նաև համալսարանի խորհուրդը և ամբիոնների վարիչները, ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և  Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս  Ցոլակյանը:

Գագիկ Համբարյանը այս առնչությամբ միայն հավելեց, որ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին խոստացել է հետայսու ավելի ուշադիր լինել բուհին վերաբերող հարցերում:

Գագիկ Համբարյանը մինչև նիստը նշել էր, թե այն, թերևս, լինի մեկ դերասանի թատրոն, սակայն, ինչպես տեղեկացանք, երեկ  քննվել է բուհում տիրող իրավիճակը,  շատերը ներկայացրել են իրենց կարծիքը:

Հայտարարվել է, որ այսուհետ ամեն ինչ թափանցիկ կլինի, և բուհում անցկացված աուդիտի արդյունքները կտեղադրվեն կրթօջախի կայքում:

«Ինչ վերաբերում է այն փաստին, որ հրապարակելու են աուդիտի արդյունքները, շատ լավ կլինի, որ հրապարակեն, որովհետև երկու տարի է` բուհը թափանցիկ չի աշխատել»,- հավելեց Գ. Համբարյանը:

Նշենք նաև, որ ազատված դասախոսներին բուհ վերադարձնելու պահանջով հանդես եկող բուհի ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանն էլ իր ելույթում ասել է. «Էս խնդիրը երեկ չէ առաջին օրը չի առաջ եկել. Այն առկա է սեպտեմբերից սկսված, ու Ձեր լռության պայմաններում աճեց էնքան, որ էսօր նստած են մեր բուհի լավագույն ուսանողները , և մարդիկ հստակ լուծում են պահանջում »,- երեկ դիմելով դասախոսներին,  ռեկտորին, նաև Լևոն Մկրտչյանին ու Ֆելիքս Ցոլակյանին՝ ասել է Ուսխորհրդի նախագահը:

Նա նշել է նաև, որ պարոնայք  Համբարյանն ու Խորիկյանն էլ ոչ թե վարկաբեկել են բուհը, այլ բարձրաձայնել են խնդիրներ, որոնք առաջ չեն եկել  ոչ իրենց մեղավորությամբ: