ՔԶԱԿ-ն ավարտել է աշխատանքը սիրիական Դումա քաղաքում
Քիմիական զենքն արգելող կազմակերպությունն ավարտել է աշխատանքները սիրիական Դումա քաղաքում, այնտեղից փորձանմուշներ են վերցրել և տեղափոխել լաբորատորիա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, փորձանմուշները տեղափոխվել են ՔԶԱԿ-ի գրասենյակ, որտեղ կդասակարգվեն և կտեղաբաշխվեն կազմակերպության համապատասխան լաբորատորիաներ: Փորձանմուշների փորձաքննությունը կարող է 3-4 շաբաթ տևել:
Կազմակերպությունից հայտնել են, որ ներկա պահին չեն կարող նշել վերլուծության արդյունքների մասին զեկույցի պատրաստման ժամկետները:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին արևմտյան երկրները Սիրիայի կառավարական զորքերին մեղադրել են Դումայում քիմիական հարձակում իրականացնելու մեջ, որից հետո Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ ավիահարվածներ են հասցրել սիրիական կառավարական կառույցների ուղղությամբ:










