Մայիս 11-12-ը Երևանում կանցկացվի «Գինու օրեր» միջոցառում
Մայիս 11-12-ին Երևանում «Գինու օրերի» միջոցառումը կլինի: Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը՝ նկատելով, որ այս միջոցառումն ավանդական դառնալու մեծ պոտենցիալ ունի:
Նա նշեց, որ միջոցառումն արդեն 2-րդ տարի է անցկացվում, և ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի և Արցախի մարզերը:
«Բոլորը հիշում են, որ նախորդ տարի ինչ զբոսաշրջությամբ լի էր միջոցառումը, և շատ կարևոր է, որ այս հարցում կա մասնավոր ու պետական հատվածի ակտիվ համագործակցություն: Միջոցառման կարևորությունն այն է, որ այն մեզ հնարավորություն է տալիս մեր ազգային խոհանոցով ու ավանդություններով ներկայանալ թե՛ ներքին, թե՛ արտաքին աշխարհին»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն էլ, համաձայնելով Ապրեսյանի հետ, հիշեցրեց, որ այս տարին Երևանի համար հոբելյանական էր, քանի որ նշվեց Երևանի 2800–ամյակը:
«Քաղաքապետարանը, կարևորելով երկրում զբոսաշրջության զարգացումը, համատեղ ուժերով փորձում է խթանել ու հանրաճանաչ դարձնել ազգայինը: Հատկապես գինու ու գարեջրի ճյուղով զբոսաշրջության զարգացումը ՀՀ-ում, քանի որ այս ավանդույթները եղել են դեռևս ուրարտական ժամանակաշրջանից»,- նշեց նա:
«Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանն էլ կարծում է, որ այս տարի միջոցառումը կազմակերպչական առումով մի քանի քայլ առաջ է: Նա շեշտեց, որ Գինու օրերի միջոցառմանն այս տարի կլինի նաև կտրոն–գրքույկ:
«Կտրոն–գրքույկը հնարավորություն է տալիս այցելուին ոչ միայն ծանոթանալ տեսականուն, այլև այն իր հետ կարող է տանել, ինչը ճանաչելի է դարձնում բրենդը: Գրքույկի վրա նշում անելու տեղ կա, այսինք, եթե հավանում է տվյալ գինին, կարող է անմիջապես նշումներ անել իր մոտ: Ներկայացված է լինելու 25 գինեգործ»,- շարունակեց Մերի Բադալյանը:
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանին էլ միջոցառման կազմակերպման գործում կարևորեց պետական մարմինների աջակցությունը, քանի որ գտնում է, որ մասնավորը միայնակ չի կարող նման մեծ նախագծեր ներկայացնել:
«Միջոցառումն այս տարի նվիրված է արդեն 2800-ամյա գինու մշակույթ և ապրելակերպ ունեցող Երևանին: Այն միտված է զարգացնելուն, հանրաճանաչ դարձնելուն հայկական գինին ու գինեգործական հնագույն ավանդույթները: Անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային միջոցառումների միջոցով այս օրը ՀՀ քաղաքացիների և հյուրերի համար կդառնա հիշարժան օր: Գինին խմելը պետք է դառնա ապրելակերպը, այլ ոչ թե սովորություն, մենք մեր սպառողների մոտ պետք է բարձրացնենք գինու կուլտուրան»,- ընդգծեց Նունեն Մանուկյանը:










