Ստամբուլում հայկական պարերին նվիրված մեծամասշտաբ համերգ է տեղի ունեցել

13:53 • 06.05.18

Թուրքիայում գործող «Մարալ» հայկական երաժշտական և պարային ազգագրական համույթը մեծ համերգ է ունեցել Ստամբուլի «Ֆուլյա» համերգային դահլիճում, հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից Agos-ը։

Համույթի 158 անդամների մասնակցությամբ համերգին ներկա են գտնվել հայ, թուրք և այլ ազգերի բազմաթիվ գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Միջոցառումը լուսաբանվել է տեղի թե՛ հայկական, թե՛ թուրքական լրատվամիջոցների կողմից:

Մասնակիցներից 74-ը եղել են փոքր տարիքի՝ Ստամբուլում գործող տարբեր հայկական վարժարանների սաներ, 38-ը՝ սիրողական պարողներ և 46-ը պրոֆեսիոնալ արտիստներ։

Համերգային ծրագիրը, որի բացումը կատարվել է հայկական «Բերդ» պարով, ներառել է «Շալախո», «Երևանի պար», «Հովիվների պար», «Քոչարի», «Վերվերի» և այլ ազգային պարեր, ինչպես նաև հատուկ պար է բեմադրվել Թուրքիայում վերջին տարիներին մեծ զանգվածայնություն վայելած հայկական «Սարերի հովին մեռնեմ» երգի ուղեկցությամբ։

Ստամբուլում հայկական պարերին նվիրված մեծամասշտաբ համերգ է տեղի ունեցել