1 մլրդ դոլար. «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմը հասույթի նոր ռեկորդ է սահմանել

16:58 • 06.05.18

Ամերիկացի ռեժիսոր եղբայրներ Էնթոնի և Ջո Ռուսոների «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմը հերթական ռեկորդն է սահմանել՝ դառնալով համաշխարհային կինովարձույթում 1 մլրդ դոլարի շեմն ամենակարճ ժամանակահատվածում հաղթահարած կինոնկարը, գրում է Daily Mail-ը:

Walt Disney Company-ի փոխանցմամբ՝ ֆիլմն ընդամենը 11 օրում հավաքել է 1 մլրդ դոլար: Հայտնի է, որ գումարի մեծ մասը՝ 605 մլն դոլարը, ֆիլմը հավաքել է ոչ թե ամերիկյան, այլ միջազգային կինովարձույթում:

Հետաքրքրական է, որ նախկինում ռեկորդը սահմանել էր «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» կինոնկարը, որը 1 մլրդ դոլարի շեմը հատել էր 12 օրում: 

Հավելենք, որ «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմի սցենարը հիմնված է Սթեն Լիի և Ջեք Քյորբիի կոմիքսների վրա, որոնք լույս են տեսել Marvel Comics-ում: Սա Marvel ընկերության կինեմատոգրաֆիկ տիեզերքի տասնիններորդ ֆիլմն է:

Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Դաունի-կրտսերը, Սքարլեթ Յոհանսոնը, Բենիսիո Դել Տորոն, Վին Դիզելը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Բրեդլի Կուպերը, Ջոշ Բրոլինը, Մարկ Ռուֆալոն, Թոմ Հիդլսթոնը, Քրիս Էվանսը, Քրիս Հեմսվորթը և այլ հայտնի դերասաններ:

Սյուժեի համաձայն՝ վրիժառուները միավորում են իրենց ուժերը Գալակտիկայի պահապանների և այլ հերոսների հետ՝ Տանոսի հետ պայքարելու համար, որը փորձում է հավաքել անվերջության քարերը:

 

1 մլրդ դոլար. «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմը հասույթի նոր ռեկորդ է սահմանել