Ջոնի Դեփը ֆիլմի նկարահանումների ժամանակ հարձակվել է մենեջերի վրա. People
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը «Լաբիրինթոս» ֆիլմի նկարահանումների ժամանակ հարձակվել է տեղակայման հարցերով մենեջերի վրա: Այս մասին հայտնում է People-ը:
Հայտնի է, որ այժմ Դեփը նկարահանվում է ռեժիսոր Բրեդ Ֆուրմանի «Լաբիրինթոս» ֆիլմում: Իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմում Դեփը կատարում է ռեփերի սպանությունը քննող խուզարկուի դերը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի կենտրոնական փողոցներից մեկում նկարահանումներ անելու ժամանակ. Դեփն ամբողջ օրը խմել է և խառնվել դրվագի նկարահանման աշխատանքներին:
Նշվում է, որ նկարահանումների համար փողոցը փակելու ժամանակը լրացել է, և տեղակայման հարցերով մենեջերը տեղեկացրել է ռեժիսորին, որ պետք է հեռանալ, վերջինս էլ իր հերթին կոչ է արել ասել դա Ջոնի Դեփին:
Մենեջերը մոտեցել է դերասանին և տեղեկացրել, որ «սա վերջին դուբլն է», և որպես պատասխան՝ դերասանը փորձել է հարվածել նրան:
Միջադեպի ականատեսի խոսքով՝ դերասանը շատ մոտ է կանգնել մենեջերին և ասել, որ նա չունի այդ իրավունքը: Բարեբախտաբար, Դեփին ժամանակին կանգնեցրել են և թույլ չեն տվել հարվածել օգնականին:










