Կաննի կինոփառատոնի դափնեկիրների պարգևատրման արարողությունը՝ ֆոտոշարքով
Կաննի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները նախօրեին 71-րդ անգամ հաղթողներին շնորհել են հեղինակավոր մրցանակները: Ըստ այդմ՝ Ոսկե արմավենու ճյուղն ստացել է ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդան՝ «Խանութի գողեր» ֆիլմի համար: Կինոնկարը պատմում է ժամանակակից Ճապոնիայում ապրող արտասովոր ընտանիքի մասին, որը փողոցում փոքրիկ աղջկա է գտնում ու որոշում նրան իր մոտ պահել:

Ինչպես նշում է ria.ru-ն, գլխավոր մրցանակի համար պայքարում էր 21 ֆիլմ:
Կինոփառատոնի Գրան պրին շնորհվել է ամերիկացի ռեժիսոր Սպայկ Լիին «Կլանի սև անդամ» ֆիլմի համար: Այն պատմում է աֆրոամերիկացի ոստիկանի մասին, որը ներթափանցում է Կու-Կլուքս-կլանի շարքերը:

Ժյուրիի մրցանակը շնորհվել է լիբանանցի ռեժիսոր Նադին Լաբակիին՝ «Կապերնաում» ֆիլմի համար: Կինոնկարը պատմում է Բեյրութում բնակվող 12-ամյա տղայի մասին, որը դատի է տալիս ծնողներին՝ իրեն կյանք տալու համար:

Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվել է համաշխարհային կինեմատոգրաֆի ժամանակակից դասական Ժան Լյուկ Գոդարին՝ «Կերպար և խոսք» ֆիլմի համար:

Լավագույն սցենարի համար մրցանակը կիսել են «Երջանիկ Լազար» ֆիլմի ռեժիսոր Ալիչե Ռորվահերն ու «Երեք դեմք»-ի ռեժիսոր Ջաֆար Պանահին:

Մինչդեռ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար պարգևատրվել է լեհ Պավել Պավլիկովսկին («Սառը պատերազմ»):

Լավագույն տղամարդու դերակատարման համար մրցանակ է շնորհվել իտալացի Մարչելո Ֆոնտեին («Դոգմեն»), իսկ կնոջ լավագույն դերակատարման համար ՝ ղազախուհի Սամալ Եսլյամովային («Այկա»):












