Երաժիշտ R. Kelly-ն մեղադրվել է սեռական բռնության ու ոտնձգությունների համար
Ամերիկյան ռիթմ-ն-բլյուզ ոճի երաժիշտ Ռոբերտ Սիլվեստր Քելլին, որն առավել հայտնի է որպես R. Kelly, մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար: Այս մասին հայտնում է CNN-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ 20-ամյա Ֆեյթ Ռոջերսը դատական հայց է ներկայացրել Մանհեթենի դատարան: Աղջիկը մեղադրում է 51-ամյա երաժշտին սեռական բռնության ու ոտնձգությունների համար:
Ռոջերսի պնդմամբ՝ անցած տարի, երբ իրենք առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում՝ երաժշտի ելույթից հետո, Քելլին ալկոհոլ է հյուրասիրել իրեն ու դրդել սեռական կապի, սպառնացել ու ստորացրել իրեն: Նա նաև նշել է, որ երաժիշտը վարակել է իրեն վեներական հիվանդությամբ (հերպես):
Աղջկա խոսքով՝ ինքը երաժշտի հետ մի տարի հարաբերություններ է ունեցել, որոնք ձևավորվել են «զվարճանքի ոլորտում իր կարիերան կառուցելու հարցում օգնության արդյունքում»:
Նշվում է, որ երաժշտի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս մեղադրանքները:










