Ընտրությունները դարձել են կենաց-մահու պայքար. փաստացի կարելի է ասել՝ այն, ինչ հռչակել էինք հեղափոխությունից հետո, անիմաստ դարձավ. Երվանդ Բոզոյան
Միմյանց վրա «ցեխ շպրտելու» մեթոդով քարոզարշավ իրականացնելը շատերի համար էր զարմանալի, որովհետև ի վերջո փորձ էր արվում՝ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները քիչ թե շատ նորմալ, հանդուրժողական մթնոլորտում անցկացվեն։
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Ի վերջո, սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը պետք է որ այդ ճանապարհով տաներ ընտրությունները, սակայն, ըստ էության, դրանք դարձել են կենաց-մահու պայքար, և բնականաբար, երբ որ կենաց-մահու պայքար է դառնում, այդտեղ օգտագործվում են բոլոր գործիքները, ինչը ցավալի է:
Շատ տխուր կլինի, որ մենք հին ավանդույթը վերականգնենք, և փաստացի կարելի է ասել, որ այն, ինչի համար ժողովուրդը դուրս եկավ պայքարի, հուսախաբ եղավ»,- ասաց նա և հավելեց՝ նման հայտարարությունները ձև են, որպեսզի հակառակորդ ուժերի դեմ պայքարեն, որից, սակայն, երկիրը բացարձակապես չի շահում:
Հարցին, թե իշխանության կողմից տեղեկություններ են տարածվում, որ ընտրակաշառքներ են բաժանվում այլ քաղաքական ուժերի կողմից, արդյոք նման կոշտ զգուշացումներն այդ համատեքստում չեն, թե միջոց են հակաքարոզչություն իրականացնելու համար, քաղաքագետը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ համատեքստում են պարբերաբար նման հայտարարություններն արվում:
«Ի վերջո, գոյություն ունի պետություն, և պետությունն ունի գործիքներ, և այդ գործիքներով ինքը պարտավոր է կանխել կաշառքի բաժանման տարբերակները: Եթե պետությունը չկարողանա այդ խնդիրները լուծել, փաստացի մենք արձանագրում ենք, որ պետությունն ի վիճակի չէ այդ խնդիրը լուծել, կամ էլ եթե այդ ամեն ինչը բլեֆ է, և դա քարոզչական ճանապարհով է իրականացվում,ապա դա ուղղակի տխուր է, որովհետև փաստացի կարելի է ասել, այն, ինչ հռչակել էինք այս փոփոխություններից հետո, անիմաստ դարձավ, և ընտրությունները նույնպես ընթանում են այն մթնոլորտում, որը ոչ մի լավ բանի չի բերի մեր երկրին:
Դա շատ կարևոր է, որովհետև ի վերջո հեղափոխության գլխավոր նպատակն այն էր, որ մենք կարողանանք բացել համակարգը, քաղաքական մենաշնորհը վերցնենք, մրցակցային դաշտ ստեղծենք, եթե մենք փաստացի այդ մրցակցային դաշտը վերածում ենք այսպիսի կենաց-մահու պայքարի, որի արդյունքում հին ավանդույթները պետք է վերականգնվեն, ապա բնականաբար հանրության առաջ կարող է հարց առաջանալ՝ որն էր հեղափոխության գլխավոր իմաստը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է եվրոպական կառույցի ուշադրությունը ԲՀԿ-ի հայտարարությանը սևեռելուն, որ իրենց նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվում, Երվանդ Բոզոյանը նշեց, որ եթե այդ ճանապարհով գնանք, շատ տխուր կլինի:
«Եթե եվրոպական կառույցներին բերենք, որպեսզի նրանք սկսեն հետևել, թե մենք ինչպես ենք ընտրություններ անցկացնում, դա կլինի իսկական խայտառակություն մեզ համար, որովհետև մեր թավշյա հեղափոխությունն ամբողջ աշխարհում ներկայացնում ենք սիրո և հանդուրժողականության սկզբունքով հեղափոխություն, հետո պարզվում է, որ դրսից պետք է արձանագրեն, որ ոչ թե սիրո և հանդուրժողականության հեղափոխություն է, այլ անհանդուրժողականության և ատելության հեղափոխություն: Կարծում եմ՝ սա ամենամեծ կորուստը կլինի մեր ժողովրդի համար, և եթե փաստացի մենք այս ճանապարհով գնանք՝ կարձանագրենք այսպիսի տխուր իրավիճակ»,- եզրափակեց նա:










