Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելն ապացուցող ֆիլմը պրեմիերայից հետո մեծ իրարանցում է առաջացրել
ԱՄՆ Յուտա նահանգի Պարկ Սիթի քաղաքում մեկնարկած «Սանդենս» կինոփառատոնի շրջանակում կայացել է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելու կասկածները հաստատող վավերագրական ֆիլմի պրեմիերան, որին հաջորդել են հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ռեժիսոր Դեն Ռիդի չորս ժամանոց ֆիլմը կոչվում է Leaving Neverland: Դրանում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները 10 և, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը:
Ֆիլմի ստեղծողները ցույց են տվել՝ ինչպես է 80-ական և 90-ական թվականներին իր փառքի գագաթնակետին գտնվող երգիչը պղծել երեխաներին: Ի դեպ, Ռոբսոնի դեպքում դա շարունակվել է մինչև 7-14 տարեկան:
Վավերագրական ֆիլմի շրջանակում ներկայացվել են սեռական բռնության զոհերի ծնողների, քույր-եղբայրների ու կանանց հետ հարցազրույցները, Ջեքսոնի՝ տղաներին ուղարկված նամակներն ու ֆաքսային հաղորդագրությունները:
«Մենք չենք կարող փոխել այն, ինչը կատարվել է մեզ հետ: Բայց հույս ունենք, որ մեզ պես տուժածներն այսուհետ իրենց ավելի քիչ մեկուսացած կզգան, երեխաների համար պատասխանատուներն ավելի զգոն կլինեն: Ջեքսոնի երկրպագուներին էլ կասեմ, որ այս ամենի հետ համակերպվելը հեշտ չէ: Ես ինքս երկար տարիներ չէի հավատում Մայքլի արածին, չէի կարողանում հավատալ, որ նա ինձ հետ նման վատ բան է արել: Մենք իրականությունն ընդունում ենք միայն այն ժամանակ, երբ պատրաստ ենք լինում»,-նշել է Ռոբսոնը:
Տղաները հավելել են, որ ֆիլմի ստեղծմանն աջակցելու համար իրենք որևէ գումար չեն ստացել:
Ուշագրավ է, որ ֆիլմի դիտման ժամանակ հանդիսատեսից ոմանք դժվարությամբ են թաքցրել իրենց զզվանքը:
Հայտնի է, որ Մայքլ Ջեքսոնի դեմ բազմիցս նմանատիպ մեղադրանքներ են հնչել, սակայն այս ֆիլմում արդեն բերվել են անհերքելի ապացույցներ: Ֆիլմը ցուցադրվելու է նաև ամերիկյան հեռուստատեսությամբ:










