«Զին տաքսին» շարունակում է հրաժարվել տեղեկություն տրամադրել իր գործունեության վերաբերյալ
«Զին տաքսի» ընկերությունը գովազդային հրապարակումներ է անում այն մասին, որ իր գործունեության արդյունքում ստացած եկամտի 80%-ը ծախսում է բարեգործական նպատակներով, գումարը հատկացնում է բանակին, զինվորներին: Սակայն ֆեյսբուքյան էջը զինվորների լուսանկարներով հեղեղող «Զին տաքսին» հրաժարվում է տեղեկություններ հրապարակել իր ստացած եկամուտի, իր կողմից նշած՝ բարեգործությանը տրամադրվող գումարի մասին:
Tert.am-ը նոյեմբերի սկզբից «Զին տաքսիից» տեղեկատվություն է խնդրել տաքսի ծառայության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև իրենց նշած՝ բարեգործության չափի, ապացույցների վերաբերյալ:
Tert.am-ը մի քանի անգամ զրուցել է Արսեն Մարգարյանի հետ, ով «Զինվորի քավոր Մարգարյան բարեգործական» հիմնադրամի ղեկավարն է, որին պատկանում է «Զին տաքսին»:
Նա մի քանի անգամ ասել է, որ ինքն աշխատում է առանց որևէ խախտման: Մեկ շաբաթ առաջ Tert.am-ի հետ զրույցում նույնպես Արսեն Մարգարյանը հայտնեց, որ հաշվապահը «դասավորում է փաստաթղթերը ձեր համար, ինձ պետք չէ: Հենց պատրաստ լինի, ես ինքս ձեզ կզանգեմ, ես թաքցնելու բան չունեմ»: Մեկ շաբաթ անց Արսեն Մարգարյանը չի պատասխանում Tert.am-ի զանգերին:










