Տոնի գաղափարական մասը հանրությանն այդքան էլ հասկանալի չէ, փորձում են ծիսական մասն անել, այն էլ, ինչպես միշտ, ստացվել է ավանդական խորովածով. Ս. Դանիելյան

21:59 • 27.04.19

«Տոնի բովանդակային մասը չկա, կա հերթական խորովածը՝ ծիսականացված վիճակով»: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում առաջին անգամ նշվող Քաղաքացու օրվա միջոցառումներին:

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Քաղաքացու օրը տոնելն առաջին հերթին իշխանության լեգիտիմության խնդրի համար է արվել:

«Ցանկացած հեղափոխություն ունենում է իր հեղափոխական խորհրդանիշները, ատրիբուտիկան և այլն: Հայտարարել են, որ հեղափոխություն է եղել և որոշել են հեղափոխության օր հայտարարեն»,-ասաց ա:

Ըստ Դանիելյանի՝ հետևելով միջոցառումներին՝ տպավորություն է ստացել, որ գաղափարական  մասը հանրության համար այդքան էլ հասկանալի չէ: «Գործող իշխանությունների ինտելեկտուալ պոտենցիալը, երևի, չի հերիքում հասանելի դարձնել գաղափարական մասը: Այսինքն՝ գաղափարական մասը չկա, փորձ է արվում ծիսական մասը անել, այն էլ, ինչպես միշտ, ստացվում է ավանդական խորովածով և նարդով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տարբեր քաղաքներում «Իրազեկ քաղաքացի» թեմայով տարվող քննարկումներին, որոնք նպատակ ունեն անդրադառնալ քաղաքացու գիտակցության բարձրացմանը, Դանիելյանն ասաց, որ տպավորությունն այն է, որ դա բովանդակային մասը գտնելու ինչ-որ փնտրտուք է:

«Ծիսական մասը մտցվել է, օրը հայտարարվել է, և հիմա հայտարարվելուց հետո բովանդակային մասի որոնումներն են գնում, որպեսզի նաև հանրությանը ներկայացնեն: Ինչպես միշտ՝ սկզբից հայտարարվում է որևէ բարեփոխման մասին,  հետո մտածում են, ինչն են բարեփոխելու, ինչպես օրինակ՝  կառավարության կառուցվածքն են փոխում, հետո նոր մտածում ինչն են փոխում և ինչի համար: Սա նույն տրամաբանության մեջ է»,-ասաց նա:

 

 

Տոնի գաղափարական մասը հանրությանն այդքան էլ հասկանալի չէ, փորձում են ծիսական մասն անել, այն էլ, ինչպես միշտ, ստացվել է ավանդական խորովածով. Ս. Դանիելյան