Ոսկանյանը նշանավոր չէ. Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց Հենրիկ Ոսկանյանի անվան փողոց ունենալու նախագծին

16:40 • 24.06.19

Երևանի ավագանին չընդունեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր Բաշինջաղյան փողոցի 1-ին փակուղի հասցեում գտնվող փողոցն անվանափոխել նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով:

«Նկարիչ Հենրիկ Ոսկանյանը ապրել է Բաշինջաղյան փողոցի առաջին փակուղի հասցեում, վայելել է բնակիչների սերն ու հարգանքը, ինչպես նաև ներկայումս տարբեր մշակութային, կառավարական շենքեր զարդարում են նրա նկարներով, տվյալ տարածքի բնակիչների ցանկությունն է, որպեսզի այդ փակուղին անվանակոչվի Հենրիկ Ոսկանյանի անունով:

Հաշվի առնելով, որ Գևորգ Բաշինջաղյանն ու Հենրիկ Ոսկանյանն անվանի նկարիչներ են, տրամաբանական է այս փողոցի անվանակոչումը, որովհետև միակ փողոցն է, որ նկարչի անունով է անվանակոչվելու և հատվի Բաշինջաղյան փողոցի հետ»,- ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից առաջարկություն եղավ, որ հարցի քննարկումը հանեն, որովհետև հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել:

Մարկոս Հարությունյանն էլ ասաց, որ դա իր նախագիծը չէ, փողոցի բնակիչներն են իրեն դիմել: «Ես ինքս այդ փողոցում եմ ծնվել, անխտիր բոլոր բնակիչները ստորագրել են, որ գոնե իմանան, թե ում անվան փողոցում են ապրում: Անաստասավանի բոլոր փողոցներն անուններ ունեն, բայց ոչ ոք տեղյակ չէ, թե որ փողոցում են ապրում»,- ասաց նա:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ եթե բոլոր բնակիչները կողմ են, ստորագրահավաք են անցկացրել, ապա իրենք ևս կողմ են:

Մարկոս Հարությունյանը հստակեցրեց, որ փողոցում 38 տուն կա:

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ հանձնաժողովում քննարկել են հարցը և տվել բացասական եզրակացություն:

Մարկոս Հարությունյանն էլ նկատեց, որ հաշվի չեն առել, որ դա այդտեղ ապրող բոլոր քաղաքացիների պահանջն է դա:

Սաթենիկ Մկրտչյանը հակադարձեց՝ ըստ օրենսդրության, նվազագույն պայմանը, որպեսզի փողոց անվանակոչվի, անհատի հայտնի կամ նշանավոր լինելն է: «Ստորագրողները ցանկանում են հարգանք արտահայտել իրենց հարևանի՝ Հենրիկի նկատմամբ, ավագանու համար ամենակարևոր բանը աշխարհագրական օբյեկտ անվանակոչելու համար վերջինիս նշանակության որոշակի սահմանում ունենալու հանգամանքն է»,- ասաց նա:

Մկրտչյանը նշեց, որ հասկանալու համար Հենրիկ Ոսկանյանի նշանավորությունը, դիմել են նկարիչների միություն, որտեղից ասել են, որ վերջինս միության անդամ չի եղել, որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել: Բացի այդ, ըստ ավագանու անդամի, իրենք փորձել են համացանցից տեղեկություն ստանալ նկարչի մասին, սակայն չի հաջողվել, այնուհետ՝ դիմել են արվեստի տարբեր գործիչների, սակայն ոչ ոք նրա մասին չի իմացել:

«Մենք ուսումնասիրել ենք ստորագրությունները, ինչը վկայում է, որ Հենրիկ Ոսկանյանը հարգված ու սիրված է եղել իր հարևանների կողմից և կարծես, բնակիչները ցանկանում են նշանավորել իրենց հարևանի հիշատակը:

Մենք պետք է հնարավորինս զերծ մնանք երևանի փողոցների անվանակոչումները մարդկանց նշանավորություն կամ հռչակ հաղորդելու գործիք դարձնելուց: Տվյալ դեպքում յուրատեսակ հանրային շահը մասնավոր շահին ծառայեցնելու պես մի բան է ստացվում»,- ասաց նա:

Հարությունյանն էլ հակադարձեց. «Իմ կարծիքով՝ վերջին մեկ տարում միմիայն Հայաստանի ժողովրդի ցանկությունն է կատարվում, ոչ թե Ձեր կողմից վերոնշված աշխարհագրական չգիտեմ ինչերը: Բնակիչների պահանջն է՝ կարող ենք գեղեցիկ ժեստ անել, էնպես չանենք, որ բնակիչները հիասթափվեն մեզնից, կխնդրեի քվեարկենք»:

Նախագիծը դրվեց քվեարկության և 36 դեմ, 8 կողմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց: Քաղաքապետ Հայկ Մարությանը ձեռնպահ էր քվեարկել: