Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ

17:31 • 24.06.19

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

Նրա խոսքով՝ ուղևորների դեպի Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում ուղևորափոխադրող կազմակերպությունը։

«Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է»,-գրել է Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսին Վերին Լարս անցակետից վրացական կողմից թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Վրաստանում Հայաստանի դեսպանության հանրային կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ խնդրով դեսպանությունը զբաղվում է:

«Վարորդը ոչ թույլատրելի իր է փորձել անցկացնել, հիմա վարորդին են քննում: Ավտոբուսում մոտ 4 տասնյակ քաղաքացիներ են: Ամեն ինչ անում ենք հիմա, վրացական կողմի հետ բանակցում ենք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան վերադառնալ»,- ասել էր նա:

Հայրապետյանը տեղեկացրել էր, որ ավտոբուսն անցակետում կանգնած է առավոտյան ժամը 6-ից:

Նա վստահեցրեց՝ այս միջադեպը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապ չունի՝ վարորդի մոտ անթույլատրելի իր են գտել, փաստացի ապացույցը կա: