Իվանիշվիլին կարգադրել է պատժել Վրաստանում զանգվածային բռնությունների կազմակերպիչներին
Պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են զանգվածային բռնությունները, հայտարարել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվվիլին: Այս մասին հաղորդում է apsny.ge կայքը:
Նրա խոսքով՝ հանրային պահանջներին պետք է իրավական արդյունքներ հետևեն: Նա նշել է, որ ներկայումս երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի առաջնային պատճառը հանրության, մասնավորապես՝ երիտասարդների՝ երկրի կառավարմանը ներգրավվելու և իրենց վրա պատասխանատվություն վերցնելու ցանկությունն ու պատրաստակամությունն է:
«Հանրության այդ տրամադրությանը համաձայնեցվում է նաև մեր քաղաքական թիմի ցանկությունը, այն է՝ հրաժարվել այն մեկնարկային առաջնահերթությունից, որն ունի «Վրացական երազանքը» խառը ընտրական համակարգի պայմաններում»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն իրավապահ մարմինների 10 աշխատակիցների հեռացրել է պաշտոնից, որոնք Թբիլիսիում ցուցարարներին ցրելու ժամանակ գերազանցել են իրենց լիազորությունները:
Հիշեցնենք, որ Վրաստանում արդեն մի քանի օր է՝ իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում: Այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։
Հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է մի քանի տասնյակ տուժածի մասին:










