Ուրուգվայում բանտից փախել է իտալական մաֆիայի հայտնի պարագլուխներից մեկը
Ուրուգվայում ևս 3 բանտարկյալների հետ միասին բանտից փախել է իտալական մաֆիայի հայտնի պարագլուխ Ռոկկո Մորաբիտոն, հաղորդում է BBC-ն՝ Ուրուգվայի ներքին գործերի նախարարությանը հղումով:
Նախարարության տվյալներով՝ բանտարկյալը փախուստի է դիմել շենքի տանիքով և հայտնվել է հարևան ֆերմայում, որտեղ տիրոջից գումար է հափշտակել ու անհետացել անհայտ ուղղությամբ:
Մորաբիտոն իտալական մաֆիայի Ndrangheta կազմակերպության ամենաորոնված անդամն է, նա 20 տարի շարունակ թաքնվել է արդարադատությունից և ձերբակալվել 2017թ.-ին՝ Ուրուգվայում: Այդ ժամանակից ի վեր նա սպասում էր Իտալիա արտահանձնմանը:
Մորաբիտոն 1995թ.-ից փնտրվել է Ինտերպոլի կողմից՝ առանձնապես խոշոր չափով թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: 1992-1993թթ. Ndrangheta կազմակերպության պարագլուխներից մեկը փորձել է ավելի քան 1 տոննա կոկաին ներկրել Իտալիա:
Մորաբիտոն ավելի քան 13 տարի բնակվել է Ուրուգվայում՝ բրազիլական կեղծ անձնագրով: Ոստիկանությունը նրա հետքը գտել էր այն բանից հետո, երբ նա անզգուշաբար դստերը քոլեջում նամակ էր ուղարկել՝ նշելով իր իրական անունը: Ձերբակալության ժամանակ «կոկաինի արքայի» մոտ հայտնաբերվել էր ատրճանակ, 13 բջջային հեռախոս և ավելի քան տասնյակ բանկային քարտեր:










