Արցախի 4-րդ նրբանցքի 8-րդ և 10-րդ շենքերի բնակիչները նոր բնակարաններ կտեղափոխվեն. քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրի այդ շենքերում մնացող բնակիչների համար
Երևանի ավագանին միաձայն ընդունեց Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին որոշումը:
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է Արցախի 4-րդ նրբանցքի 8-րդ և 10-րդ շենքերի 4-րդ կարգի վթարային բնակարանների սեփականատերերին նոր բնակարաններ տրամադրել քաղաքի ֆոնդում առկա բնակմակերեսներից:
Նրա խոսքով՝ քանի որ նշված շենքերը հանրակացարանային են, առաջարկվում է նույն հասցեի բոլոր 2 կամ 3 բնակարաններ զբաղեցնող ընտանիքների հարցերը ներառվեն նախագծում:
Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, տեղեկացրեց, որ բոլոր բնակիչների հետ խոսել են, հաշվի են առնվել բոլորի խնդիրները, պահանջները, անհատական մոտեցում է եղել:
«Ակնկալում եմ՝ այս երկու շենքերի բնակիչները կտեղափոխվեն նոր շենքեր և նորմալ պայմաններում կապրեն»,-ասաց քաղաքապետը:
Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ շենքի թվով 80 բնակիչ ստորագրահավաքով դիմել է ավագանու ԲՀԿ խմբակցությանը մեկ բնակչի մասով բացառություն անելու համար՝ քանի որ ընտանիքը բազմանդամ է, մեկի փոխարեն տրամադրելու 2 սենյականոց բնակարան:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ուրախալի համարեց, որ վերջապես այդ շենքերի բնակիչների խնդիրը լուծում է ստանում, ապա հիշեցրեց Արզումանյան 10 շենքի մասին, որը ևս վթարային է և հետաքրքրվեց, թե այդ շենքի մասով ի՞նչ է լինելու:
Սարգսյանն ասաց, որ ուրբաթ օրն են եղել Արզումանյան 10 շենքում, հանդիպել են բնակիչների հետ, պայմանները վերջնականապես ֆիքսել են: «Այս պահին նախատեսվում է քաղաքապետի որոշումը: Բնակիչների պայմանները ենթադրում են, որ այդտեղ բնակվել չի կարելի: Քաղաքապետի որոշումից հետո ձեռնամուխ կլինենք այդ մարդկանց տեղափոխմանը՝ համայնքի միջոցների հաշվին կրկին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արցախի 8 և 10 շենքերին, քաղաքապետի տեղակալն ասաց, որ ամբողջ ցանկը չէ, որ ներկայացվել է վերաբնակեցման՝ վարձակալության հիմունքներով:
«Վերաբնակեցման ենթակա են այս շենքից 142 բնակարան՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում և ևս 19 բնակարանի սեփականատերեր նախընտրել են մնալ շենքում տարբեր պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ բնակիչներն ավելի մեծ բնակմակերես են ակնկալում և մի մասը հրաժարվել են վարձով տեղափոխվելուց»,- ասաց նա և հավելեց.
«Քաղաքապետարանը շենքում մնացող բնակիչների հանդեպ գույքային և իրավական պարտավորություններ չի ստանձնում, խոստումներ ու երաշխիքներ չի տրամադրում: Բնակիչները շենքում մնալու որոշում ինքնուրույն են կայացրել՝ գիտակցելով առկա վտանգը»:
Քաղաքապետն առաջարկեց, որպեսզի ավագանին քվեարկի՝ արդյո՞ք համաձայն են բնակիչների 80 հոգու ստորագրությամբ մեկ բնակչին երկու սենյականոց բնակարան տրամադրելու հարցն էլ փաթեթի հետ քվեարկվի:
«Իմ քայլը» խմբակցությունը 15 րոպե ընդմիջում վերցրեց, իսկ ընդմիջումից հետո որոշվեց, որ այդ հարցը քննարկվի առանձին, քանի որ հանձնաժողովում էլ հարցը չի քննարկվել:
Քաղաքապետն էլ համաձայնեց, քանի որ այդ բնակչին բնակարան տրամադրելու հարցն այս փաթեթով չի նախատեսված: Հարցը դրեց քվեարկության և ընդունվեց միաձայն:










