Ռոբերտ Քոչարյանը իրեն չենթարկվող մարդու մասին ասում է` «ես նրա մաման կլացացնեմ». Սեդա Սաֆարյանի ցուցմունքներից մի հատված մեջբերեց
Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչ, Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարունակում է կարծել, որ խափանման միջոցի ընտրության հարցում առաջին ատյանի դատարանը չէր ուսումնասիրել գործի փաստերը:
«Կան ցուցմունքներ, որոնք չեմ հրապարակելու, բայց երբ ժամանակը գա, կասեմ: Երկրորդ նախագահը իրեն չենթարկվող մարդու մասին ասում է` «ես նրա մաման կլացացնեմ»: Դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հասարակության համար և այս գործի քննության արդարամիտ լինելու առումով իրենից ներկայացնել վտանգ և իր ազդեցությունը կարող է շատ մեծ լինել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ անվստահությանը, հաշվի առնելով, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է նրան նշանակել, Սեդա Սաֆարյանն ասաց, որ ինքը դեռ չի մոռացել՝ այս դատավորը անարդար վճիռներ է կայացրել:
«Ընդունում եմ, որ տրամաբանորեն հակառակ տեսակետը արտահայտվեց, բայց ստեղծված իրավիճակում սա արդար է: Նա անարդար է, լավ է, որ ինքը իր որոշումներում չի կաշկանդվել: Եթե Դանիելյանը գտավ, որ կարող է հաղթահարել իր մեջ այդ ստեղծված արգելքը և կայացնել այս կարգի արդար վճիռներ, ուրեմն լավ է»,-ասաց Սաֆարյանը:
Սեդա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող օբյեկտիվ քննություն տանել և ինքնաբացարկ կհայտնի:










