«Ահազանգը» պայքարը կշարունակի այնքան, մինչև Հայաստանում լինի պրոգրեսիվ հարկման համակարգ. նախաձեռնության անդամ (տեսանյութ)
12։58
ԱԺ-ն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը, այս նախագծով երկրի բյուջեի տարեկան շուրջ 45 մլրդ դրամի կորուստները նախատեսում են փոխհատուցել մի շարք ապրանքատեսակների գների թանկացմամբ. այս մասին հայտարարեց «Ահազանգ» նախաձեռնության անդամներից մեկը:
Նա նշեց, որ այս նախագիծը չի լավացնում երկրի բնակչության մեծամասնության ցածր եկամուտ ունեցողների կենսամակարդակը: «Փոխարենն այն ավելացնում է մի քանի հազար մարդու եկամուտը: Ստացվում է, որ քիչ առաջ ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց մի նախագծի, որը բարեփոխում է մի քանի հազարի համար ի հաշվի մի քանի հարյուր հազարի: Նախագծի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախագծին կողմ արտահայտած յոթ պատգամավորի վրա: Միևնույն ժամանակ նախագծի համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որն այն բերեց օրակարգ, առաջ տարավ՝ առանց հակառակ կողմի կարծիքը լսելու»,– ասաց նա:
«Ահազանգ» նախաձեռնությունը հայտարարում է, որ ցավոք, չկարողացանք հասնել ցանկանալի արդյունքի, սակայն պայքարը և մեր գործունեությունը շարունակում է, մինչև Հայաստանում կլինի պրոգրեսիվ հարկային համակարգ:
«Ահազանգը» այսուհետ իր գործունեությունը շարունակում է որպես Հայաստանում սոցիալական արդարության հաստատման և ամրապնդման ուղղված նախաձեռնություն»,- եզրափակեց նա:
12:03
Մեզ հետ բերած աշխատանքային ձեռնոցներն ու գլխարկները կթողնենք ԱԺ դիմաց, որպեսզի պատգամավորները հիշեն՝ ինչ երկրում, ինչ սոցիալական պայմաններում ենք ապրում, որ այս հարկային նոր օրենսգիրքը հատկապես որ խավին է վնաս տալու: Այս մասին հայտարարեց «Ահազանգ» նախաձեռնության անդամներից Արգիշտի Գևորգյանը:
Tert.am-ի հետ զրույցում Արգիշտին նշեց, որ իրենք բերել են աշխատավորների խավը խորհրդանշող դեղին սաղավարտները և ձեռնոցները՝ դրանով ցույց տալով, որ առաջին հերթին հարվածի տակ են դնում այդ խավի իրավունքներն ու հավասարեցնում են նրանց ավելի բարձր եկամուտ ունեցողների հետ:
«Նաև բերել էինք մեր վարկային պատմությունների թղթերը. Հայաստանում գրեթե բոլոր ընտանիքներն ունեն վարկային պատմություններ, որոնք վերցվել են գոյատևման, ընտանիքի նվազագույն խնդիրները լուծելու համար, ոչ թե այլ ճոխությունների:
Մենք ուզում ենք սա հիշեցնել մեր պատգամավորներին, որոնք պետք է որոշեն՝ մեր երկրում լինելու է համահարթեցմա՞ն, թե՞ պրոգրեսիվ հարկման համակարգ: Ուզում ենք նրանց հիշեցնել, հաշվի առնելով այն, որ մեր ընտանիքների մեծամասնությունն ունի հարկային պարտավորություններ, գրանցված աշխատավարձերն էլ միջինից ցածր են, որ իրենք պետք է ընդառաջ գնան միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ ստացողներին և ոչ թե բարձր եկամուտ ստացողներին»,- ասաց նա:
Նրանք այդ դեղին սաղավարտներն ու ձեռնոցները դրեցին ԱԺ դարպասների դիմաց և վարկային պատմությունների թղթեր նետեցին:
11:58
Ուզում ենք այս ակցիայով ցույց տալ, որ Հարկային նոր օրենսգիրքն ուղղակի փուչիկ է այն մարդկանց համար, որոնք այսօր աշխատում են և աղքատ են, ունեն ցածր եկամուտներ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ այս փոփոխությունը որևէ դրական հաղորդագրություն այդ անձանց համար չի պարունակում: «Մենք թե՛ տարբեր ակցիաներով, թե´ մասնագիտական հարթության մեջ փորձեցինք ներկայացնել հակափաստարկներ և փորձեցինք ամեն ինչ անել, որ ականջալուր լինեն: Հատկապես համահարթեցման վերաբերյալ դրույթը հակասոցիալական ենք համարում: Մեր հիմնավորումները, ցավոք սրտի, ավելի շատ անտեսվեցին, իմիտացիա եղավ, որ ցույց տան՝ տեղի են ունենում քննարկումներ: Բայց իրականում սկզբունքային որևէ հարցի այդպես էլ չանդրադարձան: Մեր խորին համոզմամբ նրանք ի սկզբանե ունեին այդ որոշումը՝ գնալու այս տարբերակով»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
Նա հավելեց, որ այս նախաձեռնությունն այսուհետ ևս ահազանգելու է ցանկացած սոցիալական խնդրի շուրջ:
Նրա խոսքով՝ իշխանությունները մանիպուլյացիա են անում, ասելով, թե իջեցնում են մարդկանց որոշակի խմբի հարկերը, ուստի ընդվզումն անհասկանալի է: «Մեր երկրում կան առաջնահերթություններ. երբ ասում ես՝ չհարկվող շեմ նախատեսի, կամ աշխատող աղքատների եկամտահարկը նվազեցրու, ասում են՝ բյուջեի վրա 90 մլրդ հավելյալ փող կբերի, այդ գումարները չկան, բայց երբ 2 մլն ստացողի հարկը իջեցնում են, էդտեղ կա: Սա է մեր վեճը, ոչ թե մենք դեմ ենք, որ հարկային բեռը նվազի: Մենք ասում ենք՝ բարձր վարձատրության հարկային բեռ նվազեցնելով՝ տնտեսություն չես խթանի, ոչ էլ արտահանումը կխթանես, ոչ էլ ստվերը կկրճատես, դրանք սին, աշխարհում որևէ դրական օրինակ չունեցող և վիճելի հարցեր են»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ եթե արդար բաշխում չկա, երբեք չես կարող ակնկալել առաջանցիկ տնտեսական աճ: «30 տոկոս աղքատության, 20 տոկոս գործազրկության, ներդրումների գրեթե բացակայության պայմաններում այստեղ հարկային համակարգի համահարթեցումը չի կարող դառնալ բոլոր խնդիրների դարման»,- նշեց նա:
11:03
«Ահազանգ» շարժման անդամները դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ եկամտահարկի համահարթեցման սկզբունքի։
Անցյալ շաբաթ նախաձեռնության ներկայացուցիչներն ԱԺ-ի մոտ նստացույց էին իրականացրել, գիշերել եին այնտեղ՝ խոստանալով ակցիաներ շարունակել այնքան ժամանակ, մինչև խորհրդարանը քննարկի ու քվեարկի Հարկային օրենսգիրքը։
Նրանք հույս ունեն, որ խորհրդարանական ընդդիմությունը կսատարի իրենց։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդեն հայտարարել են օրինագծին դեմ քվեարկելու իրենց որոշման մասին
Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մոտեցումներ, որոնց կիրառմամբ չպետք է խախտվի արդարության սկզբունքը:
«Ըստ այդմ` մենք առաջարկում ենք սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով, ունենալ քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր, առաջին դրույքաչափը պետք է առնվազն 10 տոկոսային կետով նվազ լինի երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար նվազ լինեն հաջորդող դրույքաչափերից, առաջին դրույքաչափը պետք է տարածվի եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է չորս անդամից բաղկացած միջին ընտանիքի նվազագույն կենսաապահովման զամբյուղն ապահովելու համար, բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում»,-ասում են ակցիայի մասնակիցները։
Ավելի ուշ ցուցարարներին մոտեցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, զրուցել և, ինչպես հայտնում են ակցիայի մասնակիցները, խոստացել է ուսումնասիրել նախագիծն ու կարծիք հայտնել։
Հիշեցնենք, որ «Ահազանգ» շարժումը մինչ այս ԱԺ-ի դիմաց արել է «հավերի ակցիան», իսկ կառավարության դիմաց՝ «դրամապանակների ակցիա»։










