ԱՄՆ-ում Մեքսիկայի հետ սահմանին երեխաների դիեր են հայտնաբերվել
Ամերիկյան Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են Մեքսիկայի հետ սահմանի մոտ հայտնաբերված 7 զոհի մարմինների մասին, գրում է Reuters-ը:
Զոհերի թվում 3 երեխա և 1 կին կա: Ենթադրվում է, որ նրանց մահը վրա է հասել խիստ տապի պայմաններում` ջրազրկման հետևանքով: Մարմինները հայտնաբերվել են Ռիո Գրանդե գետի ափին և Կարիզո Սփրինգս քաղաքի մոտակայքում:
Նշենք, որ 2018թ.-ի հոկտեմբերին Կենտրոնական Ամերիկայից հազարավոր ներգաղթյալներ, որոնցից շատերը՝ ընտանիքներով և փոքր երեխաներով, Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ սահման էին շարժվել՝ այդ երկրի իշխանություններից ապաստան խնդրելու:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապօրինի ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար 1000 զինծառայող էր տեղակայել սահմանին: Չնայած բոլոր տեսակի զգուշացումներին՝ մարտին նույն տարածաշրջանից ներգաղթյալների ևս մի խումբ (շուրջ 1200 ներգաղթյալ) էր ճանապարհ ընկել դեպի ԱՄՆ սահմանը:
Մայիս ամսվա դրությամբ ամերիկացի սահմանապահները Մեքսիկայի տարածքով ԱՄՆ սողոսկած ավելի քան 132 000 մարդու են ձերբակալել, ինչը եռակի գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը և 2006թ.-ից ի վեր սահմանին ձերբակալված ներգաղթյալների ամենաբարձր ամսական ցուցանիշն է:










