Տավուշում սողանքների դեպքում անհրաժեշտ գործողություններին նվիրված միջոցառում է անցկացվել
Հունիսի 20-21-ը Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում անցկացվել է բնակչության պաշտպանության նվիրված համալիր միջոցառում, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Փրկարար ծառայության (ՓԾ) բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման և Տավուշի մարզային վարչությունների մասնագետների կողմից կազմակերպվել էր «Տավուշի մարզի Հաղարծին համայնքում սողանքի ակտիվացման դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Վարժանքին ներգրավված էին Դիլիջանի քաղաքապետը, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները, Հաղարծինի և Թեղուտի համայնքապետերը:
Միջոցառման նպատակն էր՝ ստուգել քարաթափումների և սողանքների դեպքում գործողությունների պլանի իրատեսականությունը, միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում՝ մասնակիցների հմտություններն ու ունակությունները:
Համաձայն սցենարի՝ Հաղարծին համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից ստացվել են ահազանգեր, որ Երևան-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի 107-րդ կմ-ում Հաղարծինի մոտ ակտիվացել են սողանքները, նկատվել է հողի զանգվածի տեղաշարժ: Հարկավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:
Ուսումնավարժության առաջին փուլում հետազոտվել է տարածքը, այնուհետև որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ են կազմակերպվել, և իրականացվել են բնակչության, կենդանիների, նյութական արժեքների պաշտպանության և տարահանմանն ուղղված միջոցառումներ:
Միջոցառման արդյունքով մատնանշվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները.
Աղստև գետի հունի ուղղում,
միջպետական Մ4 ճանապարհի տվյալ հատվածի շրջանցող ճանապարհի բացում,
հարակից տարածքում դպրոցի անձնակազմի և աշակերտների ուսուցանում,
սողանքային զանգվածի բեռնաթափում,
համայնքներում կամավոր փրկարարական ջոկատների կազմավորում:











