Մեքսիկան ԱՄՆ-ի հետ սահմանին շուրջ 15 000 զինվորական է տեղակայել
Մեքսիկան ԱՄՆ-ի հետ սահմանին շուրջ 15 000 զինծառայող է տեղակայել, որոնք պետք է կանգնեցնեն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ձերբակալեն Կենտրոնական Ամերիկայի երկրներից Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ սահման շարժվող ապօրինի ներգաղթյալներին, գրում է Deutsche Welle-ն:
Հունիսի սկզբին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր բարձրացնել Մեքսիկայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, քանի դեռ այդ երկիրը չի լուծել ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու խնդիրը:
Կողմերը բանակցել էին և համաձայնության եկել, Թրամփը հրաժարվել էր մաքսատուրքերի վերաբերյալ իր գաղափարից: Կողմերը որոշել էին, որ ապագայում Մեքսիկան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված 3-րդ երկրների քաղաքացիներին, որոնց Միացյալ Նահանգներում ապաստանը մերժվել է: Մեքսիկան համաձայնել էր նաև Ազգային գվարդիայի 6000-անոց ուժերի միջոցով ամրացնել հարավային սահմանը:










