Արցախի նախագահականում տեղի է ունեցել դպրոցական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած աշակերտների պարգևատրումը

13:26 • 25.06.19

Հունիսի 25-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ:

«Վաղը դուք եք պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին, եւ ամեն ինչ կստացվի», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը: