Բողոքի ակցիա՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ Tert․am-ի տեսանյութը՝ Թբիլիսիից
Թբիլիսիում արդեն 6-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաները։
Ընդդիմության հանրահավաքը նախատեսված էր այսօր երեկոյան, սակայն մինչ այդ խորհրդարանում ելույթ է ունենալու ՆԳ նախարար Գեորգի Գախարիան։
Հենց նրա ելույթին դեմ արտահայտվելու համար էլ խորհրդարանի մոտ ցուցարարներ են հավաքվել։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաները սկսվել էին հունիսի 20-ին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին:
Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական է տվել:
Ընդդիմադիրներն այժմ պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում:
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:
Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով և գործելու է ժամանակավոր:
Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան:










