Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներ շարժվում են G20-ի երկրների հյուպատոսարանների մոտ՝ պահանջելով ճնշում գործադրել Չինաստանի վրա

11:32 • 26.06.19

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներ, որոնք դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը, չորեքշաբթի  զանգվածային ակցիայի ընթացքում թռուցիկներով շարժվել են դեպի 19 երկրների հյուպատոսարաններ, որոնց ղեկավարները պետք է մասնակցեն Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք G20-ի գագաթնաժողովին՝ պահանջելով ճնշում գործադրել Չինաստանի վրա, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով տեղական RTHK ռադիոկայանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրենց առայժմ չի հաջողվել կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության հետ և պարզել, թե արդյոք ցուցարարները եկել են ռուսական դիվանագիտական առաքելության գրասենյակ:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձությունները Չինաստանի ներքին խնդիրն են, որին Ռուսաստանը չի միջամտելու:

Շուրջ 1500 ցուցարարներ տարբեր լեզուներով թռուցիկներ են պատրաստել՝ խնդրելով G20-ին օգնություն ցուցաբերել Հոնկոնգի ինքնավարության պաշտպանությանը: Թռուցիկները բաժանում են բոլոր հյուպատոսարաններին, և ակցիան, որը «մարաթոն» են անվանել, կոչված է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման դեմ ուղղված ցույցերին:

Բացի այդ, կազմակերպիչները դիմել են դրամահավաքություն կազմակերպող հարթակներին, և արտասահմանյան ԶԼՄ-ներում գովազդի հրապարակման համար արդեն շուրջ 850 հազար դոլար է հավաքվել: Այսպիսով՝ ցուցարարները ցանկանում են իրենց խնդրին հրավիրել որքան հնարավոր է շատ պետությունների ուշադրությունը։ Կազմակերպիչների խոսքով՝ իրենք պլանավորում են հինգշաբթիից շաբաթ գովազդ տեղադրել Financial Times-ում, New York Times-ում և Japan Times-ում: