Գտնվում եմ հերթական արձակուրդում և որևէ արտառոց բան չկա վարչապետի մասնակցությամբ միջոցառմանը ներկա չգտնվելու մեջ. Մասիսի քաղաքապետ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հավաստիացնում է՝ երեկ Մասիս քաղաքում վարչապետի մասնակցությամբ տոնական միջոցառմանն իր բացակայության մեջ որևէ արտառոց բան չկա: Tert.am-ի հետ զրույցում Համբարձումյանը ծիծաղելի համարեց այն խոսակցությունները, թե վարչապետն ինքն անձամբ չի ցանկացել, որ Համբարձումյանը մասնակցի այդ միջոցառմանը:
«Նման բան չկա, նույնիսկ ծիծաղելի է: Չեմ հասկանում այդ լուրերը որտեղից են վերցնում և ինչի համար են տարածում: Ես գտնվում եմ հերթական արձակուրդի մեջ, և այդ լուրեր տարածողները կարող էին նայել և տեսնել, որ քաղաքապետը արձակուրդում է: Որևէ պատմություն չկա դրա մեջ, որ միջոցառմանը ես ներկա չեմ եղել»,- պարզաբանեց նա:
Համբարձումյանը վստահեցրեց՝ նոր իշխանությունների, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ ունի նորմալ աշխատանքային հարաբերություններ: «Մարզպետն էլ է մի քանի անգամ ասել, որ նորմալ աշխատանքային հարաբերություններ են, ես էլ մի քանի անգամ ասել ու նորից կրկնում եմ: Որևիցե նման խնդիր չկա, այն մարդիկ, ովքեր որ ուրախանում են նման լուրերից, թող տխրեն, որովհետև որևիցե վատ հարաբերություններ չկան, անիմաստ խոսակցություններ են, հերյուրանքներ են, նույնիսկ անլուրջ եմ վերաբերում նման խոսակցություններին»,- ասաց նա:
Համբարձումյանը նշեց, որ դեռ չի կարող պատասխանել հարցին՝ արդյոք հաջորդ ընտրություններին կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու: «Քաղաքապետի ընտրությունները դեռ չգիտեմ՝ երբ կլինի: Եթե խոշորացում լինի, չգիտեմ՝ կառաջադրվե՞մ, թե՞ ոչ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Մասիս քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա չի եղել Մասիսի քաղաքապետը:










