Հրապարակվել է Սարատովում ահաբեկչության կանխման տեսանյութը
Հրապարակվել է ՌԴ Սարատով քաղաքում ահաբեկչության կանխման տեսանյութը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am-ը՝ Սարատովում Անվտանգության դաշնային ծառայությունը հանրային վայրում ահաբեկչություն էր կանխել, որը պատրաստվում էր իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները պատրաստվում ձերբակալել հանցագործին, ինչպես նաև ցուցադրվում են ավտոտնակում ստեղծված լաբորատորիայի սարքավորումները՝ պայթուցիկ նյութերի սինթեզման համար:
Ռուսաստանի քաղաքացին ձեռք էր բերել ինքնաշեն ռումբերի պատրաստման համար նյութեր և իր ավտոտնակում պայթուցիկ նյութերի սինթեզման լաբորատորիա էր ստեղծել: Դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատակիցները նաև զենք-զինամթերք են հայտնաբերել:
Նշվում է, որ ահաբեկիչը երդում է տվել ահաբեկչական կազմակերպությունների պարագլուխներին և շարժվել է նրանց հրահանգներով:
Ձերբակալման ժամանակ չարագործը դիմադրել է, նրան չեզոքացրել են: Ուժայիններն ու քաղաքացիական բնակչությունը չեն տուժել, ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:










