Թուրքիայում ոստիկաններից փախչող մեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով առնվազն 10 ապօրինի ներգաղթյալ է զոհվել

13:19 • 26.06.19

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էդիրնե նահանգում՝ Հունաստանի հետ սահմանից ոչ հեռու, ավտովթարի հետևանքով առնվազն 10 ապօրինի ներգաղթյալ է զոհվել, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝  նահանգապետ Էքրեմ Ջանալփին հղումով:

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 4:45-ի սահմաններում: Ժանդարմները կարգադրել են կասկածելի մեքենային կանգնել, սակայն վարորդը չի ենթարկվել և, արագություն զարգացնելով, փորձել է փախչել հետապնդումից, սակայն կորցրել է մեքենայի կառավարումը և մխրճվել խանութի պատի մեջ:

Վթարի հետևանքով 10 ապօրինի ներգաղթյալ է զոհվել, ևս 30-ը տուժել են: Ոստիկանները դեպքի վայրում աշխատանքներ են տանում:

Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Զոհերի ու տուժածների ազգային պատկանելիության մասին առայժմ չի հաղորդվում: