ԱՄՆ-ում համակարգչային խաբեության զոհ դարձած կինը հանցագործներին մոտ 137 000 դոլար է փոխանցել «ռուս հաքերների հարձակումներից» պաշտպանվելու համար

11:40 • 26.06.19

ԱՄՆ-ի բնակչուհին համակարգչային խաբեբաներին ավելի քան 136 000 դոլար է վճարել, երբ նրան համոզել են, թե իբր ռուս հաքերները նրա համակարգիչ են մուտք գործել, գրում է РИА Новости-ն՝ Նյու Յորք քաղաքի Հարավային շրջանի դաշնային դատարանի փաստաթղթին հղումով:

Դատարանի մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Նյու Յորքի Բրոնքս թաղամասի բնակիչներ Գունջիթ Մալհոթրան, Գուրջիթ Սինգհը և Ջես Փելը համակարգչային վիրուսների միջոցով խաբել են իրենց զոհերին՝ նրանց համակարգիչները ենթադրյալ վիրուսից մաքրելու համար գումար շորթելով: Նրանց դեմ համակարգչային խարդախության 3 կետով մեղադրանք է առաջադրվել:

Զոհերից մեկը հայտնել է, որ 2018թ-ի ապրիլից 2019թ.-ի փետրվար ընկած ժամանակահատվածում խաբեբաները պարբերաբար զանգահարել են իրեն՝ հայտնելու, որ իր համակարգչում ցանցային անվտանգության հետ կապված խնդիր կա, որը ժամանակ առ ժամանակ կրկին հայտնվել է: Խաբեբաները հայտնել են, թե զոհի համակարգչի վրա հարձակումներ գործողը ռուս հաքերներ են:

Արդյունքում կինը մեկ տարում շուրջ 136 600 դոլար է վճարել «տեխնիկական սպասարկման ընկերություններին»: