Ուկրաինայում Գերագույն ռադայի ընտրություններին առաջադրվել է Դարտ Վեյդերը

16:41 • 26.06.19

Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին Օդեսայի ընտրական շրջաններից մեկում իր թեկնածությունն է առաջադրել Կիևի բնակիչ Դարտ Վեյդերը:

Ինչպես հայտնում է kp.ru-ն, «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից հայտնի չարագործի անունը կրող թեկնածուն «Դարտ Վեյդերի բլոկ» կուսակցությունից է:

Դարտ Վիկտորի Վեյդեր անունով թեկնածուի առաջադրման մասին տեղեկությունը հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

Նշվում է, որ նա ծնվել է 1987թ. հոկտեմբերի 4-ին՝ Կիևում, ունի բարձրագույն կրթություն: Ուշագրավ է, որ 2015թ. քաղաքացին իր թեկնածությունն առաջադրել է Կիևի քաղաքապետի ընտրություններում: Սակայն այն ժամանակ «Աստղային պատերազմներ»-ի չարագործը չէր կարողացել քվեարկել, քանի որ հրաժարվել էր հանել իր սիրած կինոհերոսի դիմակն ու գլխարկը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում խորհրդարանի արտահերթ ընտրությունները կայանալու են հուլիսի 21-ին: