Եվրոպայում ջերմային ալիքով պայմանավորված ռեկորդային շոգեր են սպասվում (լուսանկարներ)
Առաջիկա օրերին Եվրոպան կգտնվի հզոր ջերմային ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում, հնարավոր է, աշխարհամասի շատ վայրերում ռեկորդային ջերմաստիճաններ գրանցվեն, գրում է Metro պարբերականը:
Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ ջերմային ալիքի ամենաբարձր հզորությունը կգրանցվի հինգշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում: Այս օրերին Իսպանիայից Լեհաստան ընկած տարածքում օդի ջերմատիճանը կարող է +40-ի հասնել, ինչը տվյալ տարածքի համար անոմալ է:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Ավստրիայում, Բելգիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում օդի ջերմաստիճանը կգերազանցի անցած տարվա հունիսին գրանցված ամենաբարձր ցուցանիշները, ընդ որում՝ որոշ երկրներում կարող է բոլոր ժամանակների համար ռեկորդային շոգ գրանցվել:
Գերմանիայի Փոթսդամի համալսարանի գիտնական, կլիմայագետ Ստեֆան Ռահմստորֆի խոսքով՝ ջերմային ալիքները լուռ մարդասպաններ են: Նա հիշեցրել է, որ 2003թ.-ին Եվրոպային հարվածած ջերմային ալիքի հետևանքով 70 000 մահացություն է գրանցվել, իսկ անցած տարվա ամռանը Գերմանիայում գրանցված շոգ եղանակն առնվազն 1000 քաղաքացու մահվան պատճառ է դարձել:


















