Իրանն այլևս օտարերկրյա զբոսաշրջիկների անձնագրերում կնիք չի դնի

16:36 • 26.06.19

Իրանը կչեղարկի երկրի տարածք մուտք գործող և այն լքող օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում կնիքներ դնելու պրակտիկան, հաղորդում է Tehran Times-ը:

Հաղորդվում է, որ նման միջոցները կձեռնարկվեն շատ զբոսաշրջիկների այն մտավախության առնչությամբ, թե Իրանի վիզան կամ օդանավակայանում անձնագրի մեջ դրված կնիքը կարող է ամերիկյան վիզա ստանալու գործում խոչընդոտ հանդիսանալ:

Այժմ Իրան այցելող օտարերկրացիներին կտրամադրվի այն փաստաթղթի պատճենը, որը հաստատում է նրանց մոտ վիզայի առկայությունը, իսկ ելումուտի ժամանակ համապատասխան կնիքը կդրվի հենց այդ փաստաթղթի վրա:

Իրանի կառավարությունն արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխատում է այդ ծրագրի վրա, որի նպատակն է երկրում զարգացնել զբոսաշրջությունը և ազատել զբոսաշրջիկներին հնարավոր վտանգներից:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններն է՛լ ավելի են սրվել: Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատամբ և շարունակում է ճնշումներ գործադրել, որոնց նպատակը, ամերիկյան կողմի հավաստմամբ, Իրանի «պահվածքը փոխելն» է: