Սաուդցի սպանված լրագրող Խաշոգջիի հարսնացուն հայտարարել է, որ Էր Ռիադի կողմից դրամական որևէ փոխհատուցում չի ընդունի
Անցած տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում դաժանաբար սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացու Հաթիջե Ջենգիզը հայտարարել է, որ Էր Ռիադի կողմից ճնշումներ չի զգում և չի պատրաստվում այդ երկրի իշխանություններից փեսացուի մահվան դիմաց դրամական որևէ փոխհատուցում ընդունել, գրում է РИА Новости-ն:
«Ներկա պահին Սաուդյան Արաբիայի կառավարությունից ոչ ոք չի փորձել ինձ հետ կապ հաստատել, բայց եթե անգամ ինձ որևէ դրամական փոխհատուցում առաջարկեն, ես այն չեմ ընդունի»,- ասել է Ջենգիզը:
Նշենք, որ լրագրողի հարսնացուն Ժնև է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ժամանակ Խաշոգջիի սպանության վերաբերյալ հետաքննության արդյունքների գնահատականի պաշտոնական ներկայացմանը: ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարն իր զեկույցում եկել է այն եզրահանգմանը, որ Սաուդյան Արաբիան պատասխանատություն է կրում Խաշոգջիի սկանդալային սպանության համար:
Ինչպես գրում է Japan Times պարբերականը, ավելի վաղ 36-ամյա կինը կոչ էր արել Ճապոնիայի ղեկավարին այդ երկրում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ բարձրացնել լրագրողի սպանության հարցը: Նա նկատել էր, որ գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջնորդների կողմից գործի առնչությամբ «խիստ արձագանք» չի հնչել, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի նկատմամբ դրսևորած պաշտպանողական վերաբերմունքի առնչությամբ իր հիասթափությունն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին:
Հիշեցնենք, որ Խաշոգջիի սպանությունը կապվում էր հենց Բեն Սալմանի անվան հետ:
Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:










