ԱՄՆ-ում առաջին անգամ Իրաքի պատերազմի վետերանը կենդանության օրոք Պատվո շքանշան է ստացել նախագահից (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի բարձրագույն մարտական շքանշանն առաջին անգամ շնորհել է Իրաքի պատերազմի ողջ վետերանի: Խոսքը սերժանտ Դևիդ Բելավիայի մասին է, որը 2004թ. նոյեմբերին Ֆալուջայում թեժ մարտերի ժամանակ գրավել է գրոհայինների զավթած տներից մեկն ու իր դասակին թույլ տվել ապահով անցում կատարել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Բելավիան դարձել է Իրաքի պատերազմի առաջին վետերանը, որը Պատվո շքանշան է ստացել կենդանության օրոք:
«Ֆալուջայի այդ գիշերը…Այդ ամենն ուղղակի անհնարին կլիներ առանց նրանց, որոնց մենք կորցրինք: Մենք ամեն օր մտածում ենք նրանց մասին»,-ասել է Բելավիան:
Նշվում է, որ իր դասակին կրակից փրկելուց հետո, սերժանտը մտել է այն տունը, որտեղից գրոհայինները նռնակներ էին նետում: Բելավիան սպանել է նրանցից չորսին:
Պարգևատրման արարողության ժամանակ Թրամփը թվել է սերժանտի քաջագործությունները, որոնց համար նա Պատվո շքանշանի է արժանացել:
«Նրա դասակին առաջադրանք էր տրվել գրոհայիններից մաքրել 12 տուն, և երբ նրանք հասել են 10-րդ տանը, գրոհայիններն ամբողջ ուժով կրակ են բացել՝ վիրավորելով բազմաթիվ զինվորների: Դևիդը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել: Նա պատասխան զսպիչ կրակ է բացել՝ հնարավորություն տալով իր զինվորներին ապահով տարհանվելու: Վտանգելով սեփական կյանքը՝ նա փրկել է ամբողջ դասակը: Երբ նրա մարդիկ բոլորով դուրս են եկել տնից, միայն այդ ժամանակ է Դևիդը հեռացել»,-պատմել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Բելավիան, անտեսելով արնահոսությունն ու ծանր վնասվածքը, մեկ ձեռքով պարտության է մատնել իր դասակին գրոհած ուժերին:
















