Վրաստանի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային
Վրաստանի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին՝ Նիկա Մելիային:
Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, այսօր Վրաստանի կառավարության լիագումար նիստի ժամանակ համաձայնություն է տրվել, որ Գլխավոր դատախազությունը կարողանա դիմել դատարան պատգամավոր Նիկա Մելիային ձերբակալելու միջնորդությամբ: Այս որոշմանը կողմ է քվեարկել 91 պատգամավոր ընդհանուր 150-ից:
Այսպիսով, պատգամավորը պետք է կանգնի դատարանի առաջ, որը նրա համար խափանման միջոց կսահմանի:
«Այդ մարդիկ գերության մեջ են: Նրանք չէին կարողանում նայել աչքերիս մեջ: Նիստի ժամանակ բարդ մթնոլորտ էր տիրում: Նրանց մեծամասնությունը չի ցանկացել դա անել, չէին ցանկանում սեղմել կոճակը, սակայն դա արել են ոչ իրենց կամքով», - ասել է Մելիան նիստից հետո:
Հիշեցնենք, որ նման խնդրանքով երկրի դատախազությունը խորհրդարանին դիմել էր նախօրեին՝ Մելիային մեղադրանք առաջադրելով հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ խմբակային բռնություն կազմակերպելու և այն ղեկավարելու մեջ:
Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի մասնակիցներին ցրելու համար հատուկջոկատայինները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էին կիրառել: Բախումների հետևանքով 240 մարդ տուժել էր, ավելի քան 300–ը՝ ձերբակալվել:










