Nissan ընկերությանը նախկին ղեկավար Կառլոս Գոնի պատճառով միլիոնավոր դոլարների տուգանք է սպառնում
Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերության նկատմամբ նախկին ղեկավար Կառլոս Գոնի զանցաթողության պատճառով կարող է 22,3 մլն դոլարի տուգանք սահմանվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ներկա պահին հարցը դիտարկվում է արժեթղթերի շուկայում գործարքների վերահսկման ճապոնական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կարծիքով՝ Nissan-ը չի հակազդել Գոնի ֆինանսական խարդախություններին: Նշվում է, որ ընկերության դեմ տուգանքի հարցով վերջնական որոշումը կընդունի Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը:
Այս գործով հետաքննությունը կսկսվի մինչև ամսվա վերջ: Ինչպես նշում է Euronews-ը, եթե Nissan-ը մինչև հետաքննության պաշտոնական մեկնարկը համապատասխան փաստաթղթեր ներկայացնի հանձնաժողովին՝ ընդունելով, որ նախկինում եկամտի վերաբերյալ հաշվետվությունը սխալ է եղել, տուգանքը կարող է կրճատվել շուրջ 22,3 մլն դոլարի:
Հիշեցնենք, որ 64-ամյա Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլին ձերբակալվել էին 2018թ.-ի նոյեմբերի 19-ին՝ ճապոնական ֆինանսական օրենսդրությունը խախտելու համար: Նախաքննությամբ պարզվել էր, որ հինգ տարվա ընթացքում Գոնը Nissan-ից ստացել է մոտ 10 միլիարդ իեն (գրեթե 89 միլիոն դոլար) եկամուտ, սակայն պետությանը 2 անգամ պակաս հարկ է վճարել:
Մարտի սկզբին նա 9 մլն դոլարի չափով գրավի դիմաց ավելի քան 100 օր բանտում անցկացնելուց հետո ազատ էր արձակվել, սակայն ապրիլի սկզբին կրկին ձերբակալվել էր: Շաբաթներ անց նա 4,5 մլն դոլարի չափով գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ տնային կալանքի տակ մնալու պայմանով:










