Փարիզի դատախազությունում նշել են Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հնարավոր պատճառները
Չհանգցրած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները դիտարկվում են որպես Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլին տեղի ունեցած հրդեհի հնարավոր պատճառներ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հղում անելով ֆրանսիական ռադիոկայանին, այս մասին հայտարարել է Փարիզի դատախազությունը:
Միևնույն ժամանակ դատախազությունը բացառում է հրդեհի դիտավորյալ գործողության հետևանք լինելու տարբերակը: «Չկան տվյալներ, որոնք թույլ կտային առաջ քաշել քրեական վարկածը»,- նշել են դատախազությունից: Միևնույն ժամանակ գերատեսչությունից հայտնել են, որ «էլեկտրական համակարգի անսարքությունը» կամ «վատ հանգցված ծխախոտը» կարող էին հրդեհի բռնկման պատճառ դառնալ:
Դատախազությունից ընդգծել են, որ հրդեհի բռնկման հստակ պատճառները նախնական հետաքննության ժամանակ չեն պարզվել: Այժմ պետք է առավել մանրակրկիտ հետաքննություն իրականացվի՝ շեշտը դնելով փորձագիտական աշխատանքի վրա:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով կործանվել է տաճարի աշտարակը: Մասնագետների խոսքով՝ տաճարի հիմնական կառուցվածքը, արվեստի գործերն ու այնտեղ պահվող մասունքները փրկվել են: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տաճարը կվերականգնի 5 տարում:










