ԵԽԽՎ-ն վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
Ռուսական պատվիրակությունը կրկին մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստերին՝ լիակատար վերականգնելով իր լիազորությունները:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, նման որոշում է կայացվել լիագումար նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում: Ռուսաստանի անդամակցության վերականգնմանը կողմ է քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝ 62: Եվս 15 խորհրդարանական ձեռնպահ է մնացել:
Նիստի ժամանակ դիտարկվել են բանաձևում առաջարկված փոփոխությունները: Մասնավորապես, մերժվել է մի խումբ խորհրդարանականների՝ փաստաթղթից Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հաստատման մասին արտահայտությունը բացառելու առաջարկը:
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կհեռանա ԵԽԽՎ-ից, եթե իր պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ չվերականգնվեն:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունը հայտարարել է վեհաժողովում իր աշխատանքը դադարեցնելու մասին՝ ի պատասխան ՌԴ պատվիրակության վերադարձի: Ավելի ուշ Ուկրաինան Եվրոպայի խորհրդից հետ էր կանչել իր դեսպանին:










