Մոսկվայում մեկ ամսով երկարաձգել են Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը. դատարանի մոտ հավաքված ակտիվիստներն ազատազրկում են պահանջում (տեսանյութ)

14:08 • 26.06.19

Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև հուլիսի 28-ը՝ մինչ ընթանում է Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության գործով հետաքննությունը, երկարաձգել է հոր սպանության համար մեղադրվող Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը:

«Բավարարել որոշակի գործողությունների արգելքի տեսքով խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ քննչական մարմինների միջնորդությունը»,-ասվում է դատարանի որոշման մեջ:

Ինչպես հայտնում է news.mail.ru-ն, աղջիկներին արգելված է օգտվել հեռախոսից, համացանցից, գիշերային ժամերին փողոց դուրս գալ, իրար հետ շփվել: Ներկայում քույրերն իրարից առանձին են ապրում և իրենց փաստաբաններից բացի ոչ մեկի հետ չեն շփվում: Նրանք քննչական մեկուսարանում են անցկացրել երկու ամիս:

life.ru-ն հավելում է, որ Բասմանի դատարանի շենքի մոտ հավաքվել են ակտիվիստներ, որոնք պահանջում են ազատազրկել աղջիկներին:

Հունիսի 14-ին ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է ներկայացրել քույրերին: Մեղադրանքում նշվում է, որ նրանք հորը սպանել են նախնական պայմանավորվածությամբ:

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 27-ին քույրերն իրենց մոսկովյան բնակարանում սպանել են 57-ամյա հորը՝ դանակով հասցնելով բազմաթիվ վնասվածքներ: Քույրերը խոստովանել են իրենց մեղքն ու ասել, որ այլևս ի վիճակի չէին հանդուրժել հոր ստորացումները, ֆիզիկական և սեռական բռնությունը: