«Ինչո՞ւ է կարևոր տնտեսագիտական կրթությունը». Հայաստան են ժամանել աշխարհի լավագույն համալսարանների մի շարք գիտնականներ (տեսանյութ)

17:47 • 27.06.19

Հունիսի 27-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը, որի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը:

Բացման արարողությունից հետո զեկույցներով հանդես եկան գիտաժողովի շրջանակում աշխարհի տարբեր համալսարաններից Հայաստան ժամանած գիտնականները: Հիմնական բանախոսն էր Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը: Գիտաժողովի շրջանակում եղան նաև պանելային քննարկումներ, որոնք կրում էին «Ինչու՞ է կարևոր տնտեսագիտական կրթությունը» խորագիրը: Պանելային քննարկման ընթացքում արծարծվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առևտրի ինտեգրումն ու տնտեսական աճը, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից առևտրում, աշխատաշուկայի խտրականության և մակրոտնտեսագիտություն և այլն:

Պանելային քննարկմանը մասնակցեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը, Նյու Յորքի Սիթի համալսարանի պրոֆեսոր Ռենդալ Ֆիլերը, Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը:

Եռօրյա գիտաժողովը հետագա օրերին կշարունակվի Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ամերիկյան համալսարաններում: