«Եվրոպան եվրոպացիների համար է, և այդ մայրցամաքը չի կարող «մուսուլմանական կամ աֆրիկյան» դառնալ». Դալայ Լամա

16:28 • 27.06.19

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման զգուշացնում է, որ եթե ներգաղթյալները չվերադառնան իրենց հայրենիք, ամբողջ Եվրոպան կարող է վերածվել «մուսուլմանների և աֆրիկացիների»: Այդ մասին նա ասել է BBC-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ «Եվրոպան եվրոպացիների համար» է, և այդ մայրցամաքը չի կարող «մուսուլմանական կամ աֆրիկյան» դառնալ: Եվրոպան պարտավոր է ընդունել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, բայց ի վերջո նրանք պետք է վերադառնան իրենց հայրենիք։

«Եվրոպական երկրները պետք է ընդունեն փախստականներին, կրթեն ու մասնագիտություն տան, և նպատակն այն է, որ նրանք որոշակի հմտություններով վերադառնան իրենց երկիր»,- ասել է 83-ամյա հոգևոր առաջնորդը:

Այն հարցին, թե ինչ պետք է անել այն փախստականների հետ, որոնք ցանկանում են առհավետ մնալ իրենց ապաստան տված երկրում, նա պատասխանել է. «Սահմանափակ թիվը նորմալ է, բայց այդպես ողջ Եվրոպան (ի վերջո) կդառնա մուսուլմանական պետություն, աֆրիկյան պետություն: Դա անթույլատրելի է»:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ սա առաջին անգամը չէ, որ հոգևոր առաջնորդը նման մեկնաբանություններ է հնչեցնում այս հարցի շուրջ: Անցյալ տարի Շվեդիայի Մալմյո քաղաքում ունեցած ելույթի ժամանակ նա հայտնել էր, որ իր կարծիքով՝ փախստականներն ի վերջո պետք է իրենց երկրներ վերադառնան և ծաղկեցնեն իրենց պետությունները:

«Ընդունել նրանց, օգնել նրանց, կրթել նրանց, բայց ի վերջո նրանք պետք է ծաղկեցնեն իրենց երկրները: Եվրոպան պատկանում է եվրոպացիներին»,-ասել էր նա:

Հարցազրույցի ընթացքում նա նաև իր հիացմունքն էր հայտնել Եվրամիության գործունեության վերաբերյալ, որը, ըստ նրա, օգնում է խուսափել գլոբալ հակամարտություններից:

Նշենք, որ ԵՄ-ի տվյալներով՝ 2017 թվականին 2,4 մլն փախստական է մուտք գործել ԵՄ երկրներ:

 

 

Tibetan spiritual leader the Dalai Lama (left) gestures as he arrived to attend a conference with Muslim leaders in New Delhi, India, earlier this month