Կոտայքի մարզում նախկին գյուղապետերից մեկը ՀՀ-ի 3-րդ խոշոր հողատերն է, հարուցվել է քրեական գործ. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

16:33 • 27.06.19

Մեր քաղաքացիները փոքր-ինչ չափազանցնում են: Խոսքը 6 ընտանիքի մասին է, լուծումներ առաջարկվելու են, բայց իրենք կոմպրոմիսի չեն գալիս ու պնդում են, որ իրենք ուզում են այդ տարածքում ապրել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն՝ անդրադառնալով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Եղվարդի մի շարք բնակիչներին բնակության վայրից վտարման հարցին:

«Տնտեսվարողի օրինական պահանջն է պետությունից ակնկալել իր գույքի անձեռնմխելիության երաշխիքները: Շուրջ 6 ամիս ժամանակ էր տրված, ևս 6 ամիս իմ միջնորդությամբ է տրվել նրանց, որ գան բանակցենք, բայց ցավով եմ նշում՝ մեր քաղաքացիները հրաժարվել են բոլոր տեսակի լուծումներից: Մենք իրենց առաջարկել ենք 2-3 ամսվա տան վարձեր փոխհատուցենք, բայց նրանք միանշանակորեն մերժում են այդ առաջարկները և պարզապես տուն են պահանջում»,-շեշտեց նա:

Մարզպետը նաև հերքեց տեղեկությունները, թե քաղաքացիներից մեկին ծեծելով են դուրս բերել: Մարզպետը մանրամասնեց, որ տարածքը պատկանում է «Էլլիպս» ընկերությանը, որը ոչ թե հանրակացարան է, այլ՝ արտադրական տարածք:

Մարզպետը նշեց, որ իր խորհրդականը Եղվարդ համայնքի ղեկավարի հետ այս պահին քննարկում է այդ ընտանիքներին այս վիճակից դուրս բերելու հնարավոր ճանապարհները:

«Բայց այդպիսի պահանջով՝ կառավարության առջև գիշերելով ու ուլտիմատումով, որ «մեզ տուն տվեք կամ չենք գնում այստեղից», ես ճիշտ չեմ համարում»,-եզրափակեց Ռոմանոս Պետրոսյանը:

Անդրադառնալով նախկինում հողերի աճուրդների, օտարման հետ կապված գործընթացներին, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Կոտայքի մարզի մի նախկին գյուղապետ կա, որ Հանրապետության մակարդակով 3-րդ խոշոր հողատերն է, կա հարուցված քրեական գործ:

«Չէի ուզի անուններ հնչեցնել, բայց այո՛, 900 գյուղ ունենք Հայաստանում և այո՛, մեկ գյուղապետը 3-րդ հողատերն է ՀՀ մասշտաբով: Որպես կանոն, ինչ են արել՝ կադաստրային արժեքների մինչև 50 տոկոս մեկնարկային գներ կարող են սահմանել հողային օրենսգրքով, բարձր լեռնային համայնքներում նույնիսկ մինչև 30 տոկոս իրենք օգտվել այդ նորմից կադաստրային արժեքի կես գնով, այն դեպքում, երբ շուկայական արժեքները տասնապատիկ թանկ են և դրա ապացույցները ես ներկայացրել եմ: Հավուր պատշաճի իրազեկում չեն իրականացրել և արդյունքում նեղ շրջանակներին է հասու դարձել այդ տեղեկատվությունը, որ կարող են այս գնով գնել»,-ընդգծեց մարզպետը:

Անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ-ի հետ քաղաքական կապեր ունեցող համայնքի ղեկավարի մասին է խոսքը, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Կոտայքի մարզում, որպես կանոն, նախկինում որևէ անձ չէր կարող ընտրվել, վերընտրվել, եթե կապ չունենար ԲՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք այդ գործընթացների հետ կապ ունի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ռոմանոս Պետրոսյանն ասաց.

«Կարապետ Գուոլյանը 8 տարի եղել է քաղաքապետ, 3 տարի մարզպետ, կարծում եմ, որ ունեցած կլինի»,-նշեց նա: