Երբ ասում եք՝ Սորոսի հետ կապեր, ես չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը. Ռուստամ Բադասյան

14:34 • 27.06.19

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ խոսակցություններին, թե իր նշանակումը պայմանավորված է Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ:

«Երկու ակնհայտ սուտ նորություն է տարածվել, որոնց մեջ կան զրպարտություն պարունակող տարրեր. առաջինը՝ ծառայության հետ կապված լուրերն են և երկրորդը՝ Սրոսի հետ կապվածը:  Երբ ասում եք՝ Սորոսի հետ կապեր, ես չեմ հասկանում դա ինչ է, ինչի մասին է խոսքը: Ամեն դեպքում ձեր նշանած անձին չեմ ճանաչել, չեմ հանդիպել, ծանոթ չեմ: Ընդամենը շահարկումներ են, որի նպատակները տարբեր կարող են լինել, բայց ինձ չեն հետաքրքրում»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է դիտարկմանը, թե սկոլիոզ հիվանդության պատճառով է ինքն ազատվել բանակից, այդ դեպքում, երբ իր լուսանկարներից երևում է, որ այդ հիվանդությամբ հանդերձ նա թենիս է խաղում, նախարարը պարզաբանեց. «Բանակից ազատվելու հիվանդությունը առաջացել է թենիս խաղալու պատճառով, սա տարբերակներից մեկն է, որովհետև գիտությունը չի պարզել սկոլիոզ հիվանդությունն ինչից է առաջանում, բայց պատճառներից մեկը վոլեյբոլ, թենիս, բասկետբոլ և նմանատիպ սպորտերով զբաղվելն է»: