Ավստրալիայում էժանագին հուշանվերները որպես արվեստի գործ վաճառած ընկերության դեմ 2,3 մլն դոլարի տուգանք է սահմանվել
Ավստրալիայի դաշնային դատարանը 2,3 մլն դոլարի տուգանք է սահմանել ընկերության դեմ, որը կեղծել է բնիկ ժողովուրդների արվեստի գործերը, գրում է The Guardian-ը:
Birubi Art անունով ընկերությունը հազարավոր դիջերիդուներ՝ երաժշտական գործիքներ և բումերանգներ է վաճառել՝ հավաստիացնելով, թե իբր դրանք ձեռքի աշխատանքներ են՝ արված Ավստրալիայի բնիկ ժողովուրդների կողմից: Պարզվել է, որ իրականում հուշանվերներն արտադրվել են Ինդոնեզիայի ընդհատակյա գործարաններում:
Ավստրալիայի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դատի է տվել ընկերությանը, որն անցած տարվա հոկտեմբերին վճռել էր, որ Birubi Art-ը մարդկանց մոլորության մեջ է գցել՝ լուրջ մշակութային վնաս հասցնելով Ավստրալիայի բնիկ ժողովուրդներին:
Հայտնի է, որ 2015թ.-ի հուլիսից 2017թ.-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերությունը 324 000 դոլար ընդհանուր արժեքով շուրջ 50 000 կեղծ հուշանվեր է վաճառել: Ընկերությունն ընդունել է մեղքը և կամավոր կերպով դադարեցրել գործունեությունը:










